Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչնչի չէր ուզում ձեռք տալ։ Խանբեգյանը պահում էր նրան միայն իր հավատարմության համար և վախենում էր նոր աղախին վարձել, որ գողություն չանի։

— Խոզեր, կատարյալ խոզեր,— քրթմնջաց Խանբեգյանը որդու և աղջկա հասցեին, մի հրացայտ հայացք ձգելով սեղանի վրա, որի երեսը մի կատարյալ բաբելոնյան խառնակություն էր ներկայացնում,— բաժակ, ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ, կծած հացի կտորներ, մատիտ, տետրակ, դասագիրք, լրագիր և հայտնի չէ, թե թեյի սեղանի հետ ի՛նչ կապ ունեցող ծամկալներ ու սանրեր, երեսի փոշու տուփ ու բամբակ և օծանելիքի մի սրվակ թափված էին իրար մեջ խառնիխուռն, ցաք ու ցրիվ. սփռոցը ամբողջովին ծածկված էր հացի ու պանրի փշրանքով, մի տեղ թերխաշ ձվի կաթիլներ էին թափել, մի տեղ էլ թեյ էին շուռ տվել, որից սպիտակ սփռոցի այդ մասն ամբողջովին դեղնել էր։

— Ո՜ւ, խոզե՜ր, խոզե՜ր,— արտասանեց Խանբեգյանն այս անգամ բարձրաձայն, որպես թե այդ խոզության հեղինակները նստած լինեին սեղանի մոտ, և բարկությունից մինչև անգամ կրճտացրեց ատամները։

Սեղանի անկարգությունը դիտելուց հետո նա ձեռքի ափը դրեց ինքնաեռի փորի վրա և տեսավ, որ բոլորովին սառն է։ Հանկարծ կատաղության այնպիսի պոռթկում զգաց կրծքի մեջ, որ քիչ մնաց բռունցքով տար և ինքնաեռը գլորեր հատակի վրա։ Կատաղությամբ լի աչքերը փայլեցնելով, նա վրա ընկավ լամպի տակ հարմարեցրած էլեկտրական զանգակի կոճակին և սեղմեց ավելի ամուր ու ավելի երկար, քան պետք էր։ Ու, սպասելով աղախնուն, սկսեց ջղային քայլվածքով անցուդարձ անել սենյակում, անդադար ցնցվելով զսպած կատաղությունից և ակամա հայհոյանքի բառեր թռցնելով բերնից։

Սակայն աղախինն ուշանում էր։

Խանբեգյանի կատաղությունը գագաթնակետին հասավ։