Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեռքերով ու ոտներով դես-դեն շպրտելով իր ճանապարհը կտրող աթոռները, եփած խեցգետնի պես կարմրատակած, նորից վեր ընկավ էլեկտրական զանգակի կոճակին և սկսեց սեղմել առաջվանից էլ ավելի ամուր ու երկարատև, միևնույն ժամանակ գռռալով այնպիսի բարձր, խռպոտ ու երկարատև ձայնով, որ կարծես մորթելիս լինեն.

— Դունյա՜... Դունյաա՜... Դունյաա՜... Դունյաշաա՜...

Աղախինը,— թխլիկ այտերով, կապույտ աչքերով, շեկ մազերով տասը֊տասնհինգ տարեկան մի աղջիկ,— ներս պրծավ վախից սփրթնած, երևի կարծելով, թե պարոնն օգնություն է կանչում։

— Ի՞նչ պատահեց, պարոն, ի՞նչ պատահեց,— կանչեց նա։

Պարոնն իր երկարումեկ հասակով և հրացայտ աչքերով ցցվեց նրա առջև։

— Ա՛յ ինչ,— ասաց նա պինդ սեղմած ատամների միջից և շրը՛փ,— իր երկայն ոսկրոտ ձեռքով մի ապտակ իջեցրեց նրա ձախ այտին։— Ա՜յ ինչ,— կրկնեց առանց շտապելու, և այս անգամ ապտակն իջավ աղախնու աջ այտին, որովհետև ձախը նա իսկույն ծածկեց ձեռքով։

Աղախինն այս անգամ աջ այտն էլ ծածկեց մյուս ձեռքոՎ, մի րոպե լուռ ու ծայր աստիճան ապշած նայեց պարոնի կատաղությունից ցնցվող կարմրատակած երեսին վարից վեր, որովհետև պարոնն իր հասակով գրեթե կիսով չափ բարձր էր նրանից, հետո պռոշ արավ երեխայի պես, աչքերը միանգամից լցվեցին արցունքով, և հանկարծ սկսեց լաց լինել ոչ այնքան ցավից, որքան անսովոր վիրավորանքից, որ նա առաջին անգամն էր կրում պարոնի կողմից այնքան կոպիտ կերպով։

Խանբեգյանը բռնեց նրա թևից, քարշ տվեց ինքնաեռի մոտ, նրա մի ձեռքը պոկեց այտից, կպցրեց ինքնաեռի սառը փորին և ասաց․