— Սա թե՞յ է, որ պիտի խմեմ։ Չեմ ասե՞լ, որ սառը թեյ չեմ սիրում։ Չեմ ասե՞լ, որ իմ խմելու ժամանակ ինքնաեռը միշտ տաք պիտի լինի։ Ասել եմ, չէ՞։ Հարյուր անգամ կրկնել եմ, չէ՞։ Թե խուլ ես, ասա, ականջդ պոկեմ, որ լսես։
Եվ Խանբեգյանն այս խոսքերի հետ նրա ականջն առավ իր բութ մատի ու ցուցամատի մեջ, ոլորեց ու քաշեց:
Աղախինն այս անգամ սաստիկ ցավից նախ մի ճիչ արձակեց, հետո սկսեց բարձրաձայն հեկեկալ։
— Սո՛ւս, ձա՛յնդ, զզվե՛լի քած,— աղաղակեց Խանբեգյանը, ոտը զարկելով հատակին։— Ես անկարգություն չեմ սիրում։ Մի բան որ ասում եմ, պե՜տք է կատարվի։ Տիրուհիդ որ մեռավ, կարծում ես, որ դու էլ ազատվեցի՞ր քո պարտականություններից։ Նայիր այստեղ,— ցույց տվավ նա սեղանը,— ո՞ւմ պարտականությունն է այս բոլորը հավաքել, կարգի դնել։ Ասենք՝ Կատյան ու Վանյուշը խոզեր են, դո՞ւ ինչ ես մտածում։ Թե՞ կարծում ես ինձ շատ է դուր գալիս այս խոզությունը։ Թե ծառայում ես, օրինավոր ծառայիր, իսկ թե չես ուզում, կարող ես հենց այս րոպեին հաշիվդ առնել և կորչել, к черту. ես ձրի հաց ոչ ոքի չեմ ուտեցնում։
Բոլոր մաղձը աղախնու վրա թափելուց հետո Խանբեգյանի ցասումը մի քիչ նստեց, և նա սկսեց արագարադ անցուդարձ անել սենյակում, որի ժամանակ նրա երկար խալաթի լայն փեշերը բաց ու խուփ էին լինում և երևան հանում սպիտակ ներքնաշորն ու փափուկ ոսկեկար մուճակները։
Դունյան կանգնած էր ինքնաեռի մոտ և, գոգնոցի փեշն աչքերին սեղմած, շարունակում էր հեծկլտալ։ Այն ականջը, որ իր ոսկրոտ մատներով ոլորել և ձիգ էր տվել պարոնը, ճակնդեղի գույն էր ստացել։
Սենյակի երկայնքը չափելիս Խանբեգյանը հանկարծ կանգ առավ նրա առջև և ասաց.