Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանբեգյանը չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան ռեդիկուլից շտապով հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին։

Խանբեգյանը լռեց, դիտելով նրա սպիտակ, անբիծ, ողորկ արմունկները, որոնք բաց էին համարյա թե մինչև ուսերը, հետո, ձեռքով կամացուկ շոշափելով նրա ծունկը, ասաց.

— Ներեցեք, թանկագին Վիկտորիա Պավլովնա, որ նորոգեցի ձեր վիշտը։ Ի՞նչ արած, պիտի համբերեք։ Ես ինքս էլ ձեր օրին եմ,— ավելացրեց նա թեթև հառաչանքով։

Կարճ ժամանակ անհարմար լռություն տիրեց, որի ժամանակ Վիկտորիա Պավլովնան սպիտակ, նուրբ բատիստի թաշկինակը չէր հեռացնում աչքերից, իսկ Խանբեգյանը շարունակում էր դիտել նրա արմունկներն այն էրոտիկ հայացքով, որ տղամարդն ակամա դրսևորում է կնոջ մարմնի բաց տեղերը տեսնելիս։ Այդ գեղեցիկ, ջահել, շքեղակազմ կինը երբեք այնպես ցանկալի չէր թվացել նրան, ինչպես այդ րոպեին, և նա շարունակում էր մտքումը «Այժմ կամ երբեք, այժմ կամ երբեք»։

Ու այն միջոցին, երբ նա մտածում էր, թե ի՛նչպես և ինչ խոսքերով պիտի անի իր առաջարկությունը, աղախինը մտավ և հայտնեց, թե թեյը պատրաստ է։

Խանբեգյանը շտապով վեր կացավ։

— Վիկտորիա Պավլովնա, չէի՞ք կամենա ինձ հետ մի բաժակ թեյ անուշ անել։

Վիկտորիա Պավլովնան թաշկինակի ծայրով սրբեց աչքերը, որոնց մեջ արտասուքի հետք անգամ չէր երևում, թաշկինակը նորից պահեց ռեդիկուլը մեջ և նույնպես վեր կացավ։

— Ոչ, շնորհակա՛լ եմ,— ասաց նա,— ես արդեն խմել եմ։ Ես ձեզ մոտ եկել եմ իսկապես մի խնդիրքով։

— Խնդիրքո՞վ,— վրա բերեց Խանբեգյանը ժպտալով։— Ես մինիստր չեմ և խնդիրներ չեմ ընդունում։ Ես ձեզանից