Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես գիտեմ ինչ որ ասում եմ,— ասաց Վիկտորիա Պավլովնան հաստատուն ձայնով և աչքերը վար թողած։— Քանի ամուսինս կենդանի էր, ես ոչ մի կարոտություն չէի քաշում։ Շատ հարուստ չէինք ապրում, իհարկե, բայց և ոչ աղքատ. հիմա... Մեր, այսպես ասած, հարուստ կամ ունևոր ընտանիքների ամենամեծ ցավը և դժբախտությունն այն է, որ այդպիսի ընտանիքներում կինը սովորել է ապրել մարդու հաշվին։ Եվ զարմանալի չէ, որ մարդու մահից հետո նա մնում է անել դրության մեջ, սրա-նրա ձեռքին նայելով, ինչպես, ահա, ես... Սա անտանելի է։ Ես արդեն զգում եմ, որ կամաց-կամաց կորցնում եմ իմ արժանապատվությունը, դադարում եմ ինքս ինձ հարգելուց... Այսպես չի կարելի շարունակել։ Ես ջահել եմ, ես առողջ եմ, ես կարող եմ աշխատել և ինչո՞ւ չաշխատեմ...

Վիկտորիա Պավլովնան խոսում էր, ըստ երևույթին, անկեղծ հուզմունքով, որից նրա դեմքը փոքր֊ինչ շառագունել էր, և կզակը դողդողում էր թեթևակի, ընդսմին բնավ չէր նայում Խանբեգյանին։

Իսկ Խանբեգյանը բոլորովին դադարել էր ուտելուց. արմունկներով սեղանին կռթնած, գլուխն առաջ էր տարել և զարմացած նայում էր նրա վար թողած աչքերին, որոնց վրա երկար սև թերթերունքները նույնպես դողդողում էին հուզմունքից։

— Եվ ահա, Սերգեյ Պետրովիչ,— շարունակեց Վիկտորիա Պավլովնան,— ես եկել եմ խնդրելու ձեզ, որ ինձ որևէ աշխատանք տաք, որևէ պաշտոն ձեր բանկում կամ գործարանում...

— Գործարանո՞ւմ,— բացականչեց ակամա Խանբեգյանը և, ետ ընկնելով աթոռի մեջքին, սկսեց ծիծաղել։

— Հա, ինչո՞ւ չէ,— մեքենայաբար արտասանեց Վիկտորիա Պավլովնան, շփոթված նրա ծիծաղից, և բոլորովին շառագունեց։