Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջը աշխատավարձի հավելման մասին, որը քիչ մտահոգություն չէր պատճառում նրան։ Այն րոպեից, երբ նախորդ օրը Վիկտորիա Պավլովնան հեռացավ նրանից, նա աշխատում էր վերլուծել այդ կնոջ հոգեբանական դրությունը և տարօրինակ վարմունքն իր առաջարկությունից հետո, որպեսզի պարզեր, թե ինչ պատասխան կստանար, դրակա՞ն, թե բացասական, և որքան գլուխ էր կոտրում, ոչ մի եզրակացության չէր կարողանում հանգել։ Եվ որքան ուշանում էր պատասխանը, այնքան նրա ջղային լարված դրությունը սաստկանում էր։ «Թող բացասական լինի պատասխանը, միայն թե շուտով վերջանա այս անտանելի դրությունը»,— ասում էր նա ինքն իրեն երեկոյան դեմ իր առանձնասենյակում արագ քայլելով մի անկյունից մյուսը։

Այդ միջոցին աղախինը մտավ և հայտնեց, որ մի պառավ կին ուզում է տեսնել նրան։

Խանբեգյանը կարծես հանկարծ թևեր առավ։ Այդ պառավ կինը, անշուշտ, Վիկտորիա Պավլովնայի կողմից էր և բերել էր սպասված պատասխանը։ Եվ հրամայեց աղախնուն, որ իսկույն ներս հրավիրե նրան։

Անհամարձակ քայլերով ներս մտավ պառավ կինը և կանգ առավ դռան մոտ այնպիսի մի վախկոտ կեցվածքով, որ կարծես ուզում էր անտեսանելի մնալ։ Նա ոչնչով չէր տարբերվում փողոցների անկյունում նստած մուրացիկ կանանցից,— փոքրիկ, լղար, խորշոմած դեմքով, լացակում աչքերով, գլխին մի սև, հնությունից դեղնած շալ, հագին ծակոտկեն մի դեյրա, ոտներին կրունկների հետևի մասը ներս ծալված տղամարդու հնամաշ չուստեր, այդ բոլորի հետ միասին նրա գլուխը փոքրիկ մարմնի վրա անդադար շարժվում էր, որը նրա լացած աչքերի հետ չափազանց խղճալի տեսք էր տալիս նրան։

Խանբեգյանը կանգ էր առել և երկար նայում էր նրան ապշած։ Վիկտորիա Պավլովնան չէր կարող այդպիսի մի կնոջ