Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնոջ կարիք էր զգում, այնպիսի մի կնոջ, որը, բացի ընկեր-ամուսին լինելուց, լիուլի գոհացում տար իր արուի պահանջներին։ Բանն այն է, որ, չնայելով իր մոտ 60-ամյա հասակին, իր վարած ժուժկալ կյանքի և ամենօրյա ֆիզիկական մարզանքների շնորհիվ նա դեռևս առույգ երիտասարդի չափ առնական ուժ ու կորով էր զգում իր մեջ, և թեպետ ըստ ամենայնի հնարավորություն ուներ մի «կոմպանիոնուհի» պահելու իր տանը հատկապես այդ «պաշտոնի» համար տեղ փնտրող ֆրանսուհիներից կամ գաղտնի կապ հաստատելու որևէ թեթևաբարո կնոջ հետ, որպիսիք շատ կային իր ծանոթ շրջանում, բայց իրեն թույլ չէր տալիս այդ քայլն անելու, որովհետև կարծում էր, որ դրանով նախ՝ անարգած կլիներ իր հանգուցյալ կնոջ հիշատակը, երկրորդ «կոմպանիոնուհու» իսկական դերը գաղտնի չէր կարող մնալ տղայից և աղջկանից, որոնք այդ բանը հասկանալու համար արդեն հասունացած էին, և երրորդ՝ որևէ թեթևաբարո կնոջ հետ հարաբերության ունենալն անվայել կլիներ իր անվանը, դիրքին և, մանավանդ, հասակին, որը քիչ չէր զսպում նրան որևէ թեթևամիտ քայլ անելուց։

Պետք էր օրինավոր ամուսնություն, օրինավոր կին, «աստծու և մարդկանց առջև», որի հետ կարողանար առանց քաշվելու, առանց ամաչելու, բաց ճակատով իր տանը, իր զավակների մոտ նստել֊վեր կենալ, հյուր գնալ, հյուր ընդունել և երևալ հասարակության մեջ։

Այդ կինը կարող էր լինել Վիկտորիա Պավլովնան, միմիայն նա և ուրիշ ոչ ոք։ Թեպետ նա շատ էր կասկածում, թե այդ նորատի կինը, որը իր հանգուցյալ ամուսնուց զավակ չէր ունեցել, կարող լիներ գեթ չնչին չափով փոխարինել իր հանգուցյալ կնոջը՝ իբրև մայր և տանտիկին, բայց իբրև սոսկ կին իր ջահելությամբ և գեղեցկությամբ այնքան տենչալի էր թվում նրան, որ պատրաստ էր ուրիշ ոչ մի պահանջ չառաջադրելու նրան։