Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանգամայն հակադիր եզրակացության հանգել, ուստի կտրուկ կերպով վանեց իրենից այդ մտքերը և, ետ ու առաջ քայլելով, սկսեց մտածել, թե այժմ ինչ պիտի անի։

Այժմ, որ արդեն առել էր Վիկտորիա Պավլովնայի համաձայնությունը, իր ամենաառաջին անելիքը համարեց այն, որ իր կրկին ամուսնանալու որոշումը հենց այդ երեկո հայտնի տղային և աղջկան։ Ուրիշ պարագաներում նա շատ կդժվարանար այդ բանն անել, բայց այդ երեկո մի շատ հարմար առիթ ներկայացավ, որից և վճռեց օգտվել։ Բանն այն է, որ Վանյուշն ու Կատյան ճաշից հետո դուրս էին գնացել, առանց հորը հայտնելու, թե ուր են գնում և— ժամը արդեն տասն էր— դեռ չէին վերադարձել։ Թեև այդ առաջին անգամը չէր և այդ բանի համար նրանք ամեն անգամ նկատողություն էին ստացել հորից, բայց այս անգամ Խանբեգյանը վճռեց այնպես ձևացնել, թե այլևս չի կարող հանդուրժել այդ «ինքնակամությունը», և այն համոզումը թելադրել նրանց, թե այդ «ինքնակամությանը» մի անգամ առմիշտ վերջ տալու համար է, որ ինքը «հարկադրված» է կրկին ամուսնանալ, մանավանդ, որ նրանք տանն էլ շատ անկարգ են պահում իրենց՝ վերահսկող աչք չունենալու պատճառով։

Այս մտորումների մեջ նա երկար ժամանակ իր եռանդուն քայլերով անցուդարձ էր անում առանձնասենյակում, անհամբեր սպասելով տղայի ու աղջկա վերադարձին, երբ, վերջապես, նախ նախասենյակում, հետո մի սենյակ այն կողմ— ճաշասենյակում լսեց նրանց ոտքերի և խոսակցության ձայնը։ Դուրս գնաց, անցավ մութ հյուրասենյակով և մտավ ճաշասենյակ այն ժամանակ, երբ աղախինը սառած ինքնաեռը գրկած դուրս էր տանում, ըստ երևույթին, տաքացնելու։