եք խոսում, որ կարծես թե մենք երեխաներ ենք և ամեն մի չնչին բանի համար պետք է անպատճառ թույլտվություն խնդրենք։
— Ինչպե՞ս,— բարձրացրեց ձայնը հայրը, իր խոշոր աչքերը թավ հոնքերի տակից ոլորելով աղջկա վրա։— Այդ համարձակությունն էլ ես ստացել, հա՞։ Լա՛վ է, շա՛տ լավ է, կեցցես։ Չնչին բան է, հա՞, որ մի աղջիկ թրև գա փողոցներում աստված գիտե ո՛ւմ հետ և տուն դառնա կեսգիշերին։
— Պապա,— միջամտեց Վանյուշը շատ հանգիստ կերպով, բայց առանց համարձակվելու նայել նրան,— նախ՝ հիմա կեսգիշեր չէ, և երկ...
— Ձայնդ կտրի՛ր,— հանկարծ պայթեց հայրը համբերությունից ելած։— Հիմի էլ դո՞ւ։ Ես ձեզ հետ չեմ խոսում դիսկուսիա բանալու համար։ Ես ինչ որ ասում եմ, այնպես էլ պե՛տք է լինի, այլապես ոչ ե՛ս եմ ձեր հայրը, և ոչ էլ դուք եք իմ որդիքը։ Վաղը չէ մյուս օրը քննություններ ունեք, փոխանակ տանը նստելու և լուրջ կերպով պատրաստվելու, որ չխայտառակվեք և չխայտառակեք ինձ, դուք ամբողջ օրը չեք իմանում ինչ եք անում և ո՛րտեղ եք թրև գալիս։ Ես դեն ածովի փողեր չունեմ, որ ամեն անգամ տանեմ ձեր դիրեկտորի և ուսուցիչների բուռը կոխեմ, որ մի կերպ անցկացնեն ձեզ։ Փողը— ջհաննամը, բայց այն նվաստացո՞ւմը, որ ես զգում եմ։ Թե որ երեխա չեք, պետք է որ այդ հասկանաք, բայց որ չեք հասկանում, ուրիշ ի՞նչ կերպ վարվեմ ձեզ հետ, ասացեք, խնդրեմ։
Խանբեգյանի բարկությունը ավելի շատ ձևական էր, քան իսկական, իբրև նախապատրաստություն իր կրկին ամուսնանալու որոշումը նրանց աչքերում արդարացնելու համար։ Եվ երբ տեսավ, որ իր ցասկոտ խոսքերն իրենց ազդեցությունը գործեցին, կամաց-կամաց մեղմացավ, մանավանդ որ աղջիկը լացակում, կարմրատակած աչքերով խռոված նստել էր սեղանի մոտ, իսկ տղան, ձեռքերը անդրավարտիքի գրպանները