Է վերաբերում, ես պարտավոր եմ զգում ինձ... ես չեմ ուզում առանց ձեզ նախապես հայտնելու իրագործել իմ որոշումը: Իսկ իմ որոշումը ահա թե ինչ է.— ասաց նա, այս անգամ բռնի կերպով տիրապետելով իրեն,— վաղը, թե մյուս օրը, առայժմ չեմ կարող ասել, բայց շուտով դուք այստեղ կունենաք նոր մայր և նոր տանտիկին: Եվ այդ նոր մայրն ու տանտիկինը,— շտապեց նա միանգամից վերջացնել իրեն համար այդ շատ ծանր բացատրությունը,— կլինի ձեզ երկուսիդ էլ շատ լավ ծանոթ Վիկտորիա Պավլովնան:
— Վայ,— հանկարծ բացականեց Կատյան և ուրախությունից վեր թռավ տեղից։— Այդ ի՞նչ ասացիք, պապա։ Դուք առաջարկությո՞ւն եք արել նրան։
Աշխատելով պահպանել մեծի լրջությունը` աղջկա ուրախ տրամադրությանը չենթարկվելու համար, Խանբեգյանը մի թռուցիկ հայացք ձգեց տղայի վրա, որը առաջվա պես նստած էր հոնքերը կիտած, առանց որևէ նշանով ցույց տալու, թե հոր հայտնությունն ի՛նչ տպավորություն գործեց իր վրա, վեր կացավ և ասաց.
— Դե ավելորդ հարցումներ հարկավոր չեն։ Այժմ,— նա նայեց պատի ժամացույցին,— ես կլուբ եմ գնում մի կարևոր գործի համար, արդեն ուշացել եմ։ Իսկ դուք ընթերցեք և քնեցեք։ Բայց, տեսեք,— ավելացրեց նա դուրս գնալիս,— առավոտյան չտեսնեմ այստեղ ձեր սովորական խոզությունը։
7
Խանբեգյանը կլուբում ոչ մի կարևոր գործ չուներ. նա ուզում էր միայն խույս տալ աղջկա անհաճո հարցուփորձերից և, բացի այդ, հույս ուներ կլուբում այդ գիշեր հանդիպելու Վիկտորիա Պավլովնային, որը, չնայելով իր «սգավորությանը», շուտ֊շուտ երևում էր այնտեղ իր փայլուն կավալերներով շրջապատված։ Ու որքան անհամբեր էր շուտով