Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանբեգյանն այլևս քաջություն չունեցավ լսելու և հեռացավ։ «Շան լակոտներ,— ասաց մտքումը,— տես ինչ հաշիվներ են անում և ինչեր գիտեն»։ Զգաց, որ տրամադրությունը միանգամայն փոխվել է, և շատ զղջաց, թե ինչու ականջ դրեց։

Կլուբում շրջեց բոլոր դահլիճները, բայց ո՛չ մի տեղ չգտավ Վիկտորիա Պավլովնային և լավ համարեց, որ չգտավ, որովհետև այժմ, տղայի և աղջկա արած հաշիվների ազդեցության տակ, զգաց, թե շատ պիտի ամաչեր իր մոտ 60-ամյա հասակով երևալ այդ նորատի կնոջ հետ կլուբը լցրած իրեն շատ լավ ծանոթ հասարակության մեջ, կարծելով, թե այդ հասարակությունն արդեն գիտե, որ ինքն ու այդ նորատի կինը, որը ավելի շուտ իրեն իբրև աղջիկ կսազեր, շուտով պիտի ամուսնանային իրար հետ։

Բայց և այնպես այդ կնոջը շուտով տիրելու տենչալի հեռանկարը, նրա համաձայնությունն առնելուց հետո, այն աստիճան պաշարել էր նրան, որ շուտով մոռացավ տղայի ու աղջկա հաշիվները, իսկ հասարակության կարծիքի վրա թքել անգամ չուզեց և գնաց նստեց կանաչ սեղանի մոտ իր հին պարտնյորների հետ մի քիչ թուղթ խաղալու՝ բախտը փորձելու համար։ «Թե կտանեմ,— ասաց մտքումը,— խո ամեն բան լավ կգնա, թե չէ...»։ Նա չվերջացրեց միտքը և սկսեց թղթի կոլոդը խառնել։ Հենց առաջին խաղից տարավ։ Ոգևորվեց և շարունակեց։ Տարավ, տարվեց, տարավ, տարվեց և մի անգամ էլ որ տարավ, վեր կացավ։ Վերջը որ հաշվեց, տեսավ տանուլ է տվել։ «К чорту,— ասաց մտքումը,— հիմար նախապաշարմունք է»։ Ու նստեց ընթրելու և, հակառակ իր սովորության, մի քիչ կոնծեց։ Առհասարակ շատ ուրախ էր և կատակներ էր անում։

Խաղակից և սեղանակիցներից մեկը — մի պնդակազմ, խոշոր ու գեղեցիկ տղամարդ, որի հետևից կարտյոժնիկ կամ, այդ ածականը փոփոխելով, կարտյոժնիկ Գաբս էին անվանում իր թղթամոլության համար, որի մեջ վիրտուոզ էր դարձել և երբեմն չէր քաշվում շուլերության դիմելու— տեսնելով միշտ զգաստ, միշտ հավասարակշռված Խանբեգյանի արտասովոր ոգևորությանը, հարցրեց.