— Սերգեյ Պետրովիչ, ի՞նչ է պատահել ձեզ, կարծես մի մեծ գանձ եք գտել։
Խանբեգյանը բազմախորհուրդ ժպիտով նայեց նրա դեմքին և, մտքումը պատկերացնելով Վիկտորիա Պավլովնայի նամակի մեջ գրված մի հատիկ բառը, պատասխանեց մի առանձին շեշտով.
— Այո։
Կլուբից վերադառնալուց հետո քնեց շատ լավ, բայց առավոտյան սովորականից շուտ արթնանալով, սովորականից ավելի երկար նստեց ջղերը հանգստացնող և ամրացնող լողարանի մեջ, թեյի հետ ավելի ախորժակով կերավ նախաճաշը։ Մտադիր էր ժամանակ վաստակելու համար նախ մտնել գործարան, հետո՝ բանկ և ապա կեսօրին մոտ այցելել Վիկտորիա Պավլովնային՝ խոսելու իրենց ամուսնության մասին։
8
Ժամը տասին մոտ էր, որ նա մտավ գործարան և զարմանքով տեսավ, որ բոլոր բանվորները, տղամարդ և կին հավաքվել էին բակում, և նրանց մեջ բարձրաձայն խոսակցության կատարյալ քաոս էր տիրում։ Տղամարդ բանվորների մի ստվար խումբ շրջապատել էր գործարանի կառավարչին և նրա հետ մի ինչ-որ բանի մասին թունդ բանավեճի էր բռնվել։
— Հինգ տարի բանել ենք մի տեղ, հինգ տարի ձեր թամբաքուի թոզն ենք կուլ տվել, բա էլ մեր հընգերութինը, մեր համքարութինը ո՞րդի պտի շանց տանք,— բղավում էր մի ճղճղան ձայն։
— Հլա քեզ էլ պտի տանենք, քե՛զ էլ,— նրանից ավելի բարձր էր գոռում մի ուրիշը շրջանի հետին շարքերից։— Ի՞նչ ա, որ ուպրավլաուշչի ա, լայեղ չի՞,— դիմեց այդ ասողը մոտը կանգնածներին։
— Խազեինին էլ իմաց տանք, խազեինին էլ,— գոռաց մի երրորդը։
— Հրեն խազեինը, տո հրեն գալիս ա,— կանչեց մեկը։