Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խանբեգյանի բարձր հասակն իսկույն աչքի ընկավ. նույն րոպեին կառավարչին շրջապատող բանվորների կծիկը քանդվեց, և բակում տիրող խառնաշփոթ ձայները հանդարտվեցին։

Խանբեգյանն առանց կանգ առնելու իր շտապ ու եռանդուն քայլերով մտավ գրասենյակ և հենց դռան մոտ դիմեց իր հետևից մտնող կառավարչին.

— Այս ի՞նչ է. ինչո՞ւ են հավաքվել, ինչո՞ւ չեն բանում:

— Սերգեյ Պետրովիչ,— ասաց կառավարիչը դեմքի ջղային ցնցումներով (ինչպես երևում էր, շատ էր հուզվել բանվորների հետ բանավիճելիս),— մինչև հիմա բանում էին, բայց ձեր գալուց մի քիչ առաջ մեկ էլ տեսնեմ ամենքը, կարծես խոսքը մեկ արած, հագնվեցին և դուրս եկան, թե` գնում ենք մեռելը թաղելու։

— Ի՞նչ մեռել։

— Մի թոքախտավոր բանվորուհի ունեինք, մեռել է։

— Ախ, հա,— հանկարծ հիշեց Խանբեգյանն երեկվա աղքատ պառավին։— Երեկ նրա մայրը եկել էր ինձ մոտ։

— Ձեզ մոտ է՞լ,— զարմացավ կառավարիչը։

— Ստեփան Գերասիմիչ,— նկատեց Խանբեգյանը մեղմ կշտամբանքով,— ներեցեք, դուք մարդկանց հետ վարվել չգիտեք։ Կտայիք այն պառավին մի քանի մանեթ և ռադ կանեիք։

— Ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պետրովիչ։

— Կզանգահարեիք ինձ։

— Առանց այն էլ նրա վրա առաջուց տարած ավանսի...

— Լավ, այդ թողնենք,— կտրեց նրա խոսքը Խանբեգյանը։— Ասում եք, ուզում են գնալ մեռելը թաղելու։ Էլ ինչի՞ մասին էիք վիճում։

— Ես չեմ թողնում։

— Ինչո՞ւ։

— Ինչպե՞ս թե ինչու, Սերգեյ Պետրովիչ։ Մի օր չբանելն ախր ահագին վնաս է գործարանին։

— Թաղումից հետո կգան, չէ՞, տանելու։

— Ասում են՝ կգանք, բայց գիտեմ, որ չեն գա։

— Ինչպե՞ս թե չեն գա։

— Կհարբեն։

— Այդպիսի բան չի կարող պատահել,— բացականչեց