Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջղայնորեն և նորից նստեց կառավարչի գրասեղանի մոտ։

— Հապա որ ասում էի ձեզ,— նկատեց կառավարիչը,— դրանց որ երես ես տալիս, աստառ էլ են ուզում։ Այդ ես եմ, որ դիմանում եմ դրանց, թե չէ, ուրիշը որ լինի... իսկ դուք ասում եք, թե ես չգիտեմ նրանց հետ վարվելու կերպը։

— Ինչո՞ւ եմ ասում այդ,— ասաց Խանբեգյանը,— որովհետև անցյալ օրն ինքներդ էիք ասում, չէ՞, թե ինչ-որ պահանջներ են ուզում անել, հակառակ դեպքում մտադիր են գործադուլ հայտարարել։ Դրա համար է, որ ասում եմ` մի քիչ մեղմ վարվենք։

— Այ, մեղմ վարվեցիք և տեսաք լրբությունն ուր հասավ։ Դուք նկատեցի՞ք, որ նա հարբած էր։

— Առավոտ-առավոտ հարբա՞ծ,— զարմացավ Խանբեգյանը։

— Նրանք առավոտ֊երեկո չգիտեն. երբ պատահի` կխմեն, միայն թե փող լինի գրպաններում։ Օր չի պատահի, որ զանազան պատրվակի տակ ավանսով փող չվերցնի սա կամ նա։ Հետո, ռոճիկները բաժանելիս, հաշիվը որ առաջներն եմ դնում, սկսում են ղալմաղալ բարձրացնել։ Վճռել եմ այսուհետև ոչ ոքի և ոչ մի կոպեկ ավանս չտալ։

Խանբեգյանը, իր արծաթագլուխ ձեռնափայտին դիմհար տված, գրամեքենայի և համրիչի չխչխկոցի տակ դեռ երկար ժամանակ լուռ ու մտախոհ ականջ էր դնում կառավարչի գանգատներին, հետո հանկարծ նայեց ձեռքի դաստակին կապած ոսկի ժամացույցին և մեկեն վեր կացավ։ Ուզեց, ըստ երևույթին, ինչ֊որ բան ասել, բայց մի արագ հայացք ձգելով հաշվապահի ու նրա օգնականի, մեքենագրուհու և մի երկու ուրիշ ծառայողների վրա, որոնք, ըստ երևույթին անտարբեր, իրենց գործին էին, ոչինչ չասաց և դիմեց դեպի դուռը, գլխով նշան անելով կառավարչին, որ հետևի իրեն։

Նրանք դուրս եկան ընդարձակ բակը։

Բակը միանգամայն դատարկվել էր մարդկանցից։ Պահեստանոցների պատերի տակ կուտակված էին հարյուրավոր դատարկ արկղեր։ Բեռնակիր ավտոմոբիլը կանգնած էր գարաժի մոտ հանգած։ Այս ու այնտեղ թափթփված էին պատռոտուն դեղին թղթեր կանաչ յառլիկներով և ծխախոտի