իսկ վարդագույն շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ փորձված աչքը հազիվհազ կարող էր նկատել մի տեսակ հեգնական, ինքնավստահ ժպիտ։ Տիկին Հարունյանը նույն անհաստատ քայլերով մոտեցավ նրան և բարևեց։ Իշխանուհին հազիվհազ տվավ նրան յուր մատների ծայրերը։ Տիկին Հարունյանը նստեց նրա մոտ։
— Ի՞նչպես ես, Սոֆիա,— հարցրեց նա անվճռականությամբ։— Գլխիդ ցավն անցե՞լ է։
— Ոչ։
— Բժիշկներն ի՞նչ են ասում։
— Ոչինչ ասել չեն կարողանում։
Մի րոպե ծանր լռություն տիրեց։
— Ես զարմանում եմ, թե այդ ի՞նչպիսի գլխացավ է, որ ոչ ոք չէ կարողանում բժշկել, Սոֆիա,— ընդհատեց այդ լռությունը տիկին Հարունյանը։
— Չգիտեմ։
Դարձյալ ծանր լռություն։ Իշխանուհին նայում էր դուրս, իսկ տիկին Հարունյանը նրա դեմքին։
— Սոֆիա,— վերջապես երկար տատանմունքից հետո խոսեց դարձյալ վերջինս,— մենք մի որևիցե բանով քեզ... խո չե՞նք վիրավորել...
Իշխանուհին դեմքը դարձրեց դեպի նա։
— Վիրավորե՞լ... ի՞նչ բանով..․
— Ես ի՞նչ գիտեմ... Ո՞վ գիտե... գուցե... շատ կարելի է մենք քեզ մի որևիցե բանով անգիտակցաբար վիրավորել ենք... և դու իրավունք ունիս մեզանից նեղանալու... բայց եթե իսկապես մեր մեջ մի այդպիսի բան պատահել է, ահա ես իսկույն պատրաստ եմ քեզանից ներողություն խնդրելու... և, իհարկե, դու մեզ կներես...
Իշխանուհին ավելի խոր նայեց յուր նախկին ընկերուհու դեմքին, նա, երևի, կամենում էր նրա վրա մի որևիցե կարծիք գտնել, բայց նրա դեմքն այնքա՛ն հեզ էր, այնքա՛ն խոնարհ և անկեղծ սեր արտահայտող...
— Մեր մեջ ոչինչ այդպիսի բան չէ պատահել, Նունե,— ասաց նա,— դու իզուր ես այդպես կարծում։
— Հապա ինչո՞ւ մենք այսպես ենք հանդիպում միմյանց...