Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կառավարիչը, ըստ երևույթին դժգոհ, ուզում էր առարկել, բայց ոչինչ չասաց։

— Այսպես արեք, այդպես,— ասաց Խանբեգյանը և հեռացավ։

9

Այս բոլոր անցուդարձի և խոսակցության ժամանակ Խանբեգյանի մտքից բնավ չէր հեռանում, որ գնալու է Վիկտորիա Պավլովնայի մոտ։ Ուրիշ անգամ կառք կնստեր, բայց գարնանային այդ հրաշալի եղանակին ամբողջ մարմնի մեջ այնպիսի մի կայտառության և շարժման պետք էր զգում, որ լավ համարեց ոտքով գնալ, չնայելով, որ բավական երկար ճանապարհ ուներ գնալու։ Բացի այդ, ժամը 11-ից նոր էր անցել, և այդպես վաղ անհարմար էր համարում Վիկտորիա Պավլովնայի մոտ գնալ։

Գոլովինսկի պրոսպեկտում շքեղ կաֆեներից մեկի առաջ հանդիպեց Կարտյոժնիկ Գաբոյին, ըստ երևույթին քիչ քնելուց ուռած-կարմրատակած աչքերով, որոնց տակ մի-մի փուչիկներ էին գոյացել և տգեղացնում էին նրա առնական գեղեցիկ դեմքը։

Խանբեգյանը գիտեր, որ նա ամուրի է, ունի մի սենյակ, ուր միայն քնում է, իսկ մնացած ամբողջ ժամանակն անց է կացնում դուրսը— ցերեկը ճաշարաններում, իսկ գիշերը մինչև լուսադեմ կլուբում՝ կանաչ սեղանի մոտ կամ առանձին կաբինետներում։ Ոսկեպատ պենսնեն քթին, նա լրագիր էր կարդում, երբ պատահմամբ աչքն ընկավ Խանբեգյանի վրա։ Խանբեգյանը բարևեց և առանց կանգ առնելու շարունակեց ճանապարհը։

— Սերգեյ Պետրովիչ,— կանչեց նրա հետևից Կարտյոժնիկ Գաբոն,— կարդացի՞ք նորությունը։

Խանբեգյանը կանգ առավ.

— Ի՞նչ նորություն։

— Սարաևոյի սպանությունը։

— Ո՞վ է Սարաևոն։

— Սարաևոն քաղաք է Բոսնիա-Հերցեգովինայում։ Այնտեղ սպանել են Ավստրիայի գահաժառանգին։