Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նար-Դոսը ցանկացել է իր այս գրվածքը ևս տպագրել «Նոր դարում», բայց չի ստացվել։

«Պայքարը» առաջին անգամ տպագրվել է բավական ուշ՝ 1911 թվականին, Երիցյանի խմրագրությամբ լույս տեսնող «Սուրհանդակ» թերթում։ Նույն տարին վեպը վերահրատարակվում է առանձին գրքով:

«Պայքար» վեպի երևան գալը իր ժամանակին խիստ ուշագրավ գրական երևույթ է եղել։ Ստ. Զորյանի վկայությամբ, ընթերցողներն առանձնապես նշել են «հեղինակի կիրթ լեզուն», նուրբ արվեստը, հոգեբանական վերլուծումները և մանավանդ Վահանի տիպը»։

Վեպի նկատմամբ եղել են նաև տենդենցիոզ, թշնամական առանձին տրամադրություններ։ Այդ տրամադրություններն արտահայտվել են «Тифлисский листок» թերթում տպագրված մի գրախոսությունում, ուր աղավաղված են ներկայացվել վեպի գաղափարական խնդիրն ու բովանդակությունը, և առհասարակ գրախոսը ամեն կերպ ցանկացել է նսեմացնել նրա նշանակությունը։

Նար-Դոսը, դարձյալ Ստ. Զորյանի վկայությամբ, այդ թշնամական վերաբերմունքին պատասխանել է իրեն ու իր գործը հասկացող մարդու խորապես անտարբեր վարմունքով.

— Ինչ ուզում են թող գրեն,— ասել է նա,— հասարակություն կա և ժամանակ, նրանք իրենց դատաստանը կտեսնեն։

Նար-Դոսը իր երկերի լիակատար ժողովածուն պատրաստելիս վերջին անգամ վերանայել է վեպը և կատարել է որոշ ոճական ուղղումներ։

«Նոր մարդը»

Անավարտ վեպի այս գլուխները գրվել են գրողի կյանքի վերջին տարիներին և տպագրվել 1928 թվականին, «Լուսաբաց» ամսագրում։

Ճիշտ է, դժվար է որոշակի բան ասել վեպի գաղափարական խնդրի, սյուժեի, կերպարների մասին։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի, փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների ժամանակաշրջանի ընտրությունը, գործարանային-բանվորական կյանքի ու միջավայրի, գործարանատեր Խանբեգյանի և գործարանի բանվորների, ինչպես և Խանբեգյանի ու իր որդիների միջև ծայր առնող սոցիալական հակադրությունների առկայությունը վեպի գրված գլուխներում, և վերջապես վեպի անունը— էական բան են ասում դժբախտաբար անավարտ մնացած այդ գորձի և նրա հեղինակի մասին։ Հիրավի Նար-Դոսի ստեղծագործության մեջ դա նոր երևույթ էր լինելու:

Հեղինակը, ճիշտ է, Ստ. Զորյանին ուղղած իր մի նամակում խոսելով այդ վեպի մասին, կասկած է հայտնում, թե «վախենում եմ տակից չկարողանամ դուրս գալ», բայց արդեն իսկ հատվածում երևացող կոնֆլիկտը, գրական բարձր վարպետությունը, Խանբեգյանին տրված մի քանի տիպական գծերը վկայում են հեղինակի կասկածի անհիմն լինելը։ Վերցված է Երկերի ժողովածուի հինգ հատորյակից