— Ասում եմ՝ գլուխս է ցավում... խոսել չէ թողնում ինձ։
Տիկին Հարունյանն այլևս ոչինչ չհարցրեց։
— Սոֆիա, վաղը մենք ամառանոց ենք գնում,— ասաց նա մի րոպե լռությունից հետո։
— Ամուսի՞նդ է տանում,— շտապով հարցրեց իշխանուհին։
— Այո։ Եթե դու էլ մեզ ընկերակցեիր, Սոֆիա...— ավելացրեց տիկին Հարունյանը կամաց և անվճռական եղանակով։— Գլխիդ ցավը գլխավորապես այս շոգերից է. իսկ ամառանոցում, իմ կարծիքով, կարող է այդ անցնել... Ամառանոց կգնաս, այնպես չէ՞, Սոֆիա։
— Տեսնեմ։
Պարզ երևում էր, որ իշխանուհին երկար խոսել չէր կամենում։ Տիկին Հարունյանն, իհարկե, տեսնում էր և այդ վերագրում էր նրա գլխացավին։ Մի քանի րոպե դարձյալ նրանք լուռ մնացին։ Վերջապես տիկին Հարունյանը վեր կացավ, ներողություն խնդրեց, որ յուր այցելությամբ նրան անհանգստություն պատճառեց և մնաս բարով ասելով, դուրս գնաց։ Նրա սիրտն այդ այցելությունից ավելի կոտրվեց։
Հետևյալ օրն առավոտյան Հարունյաններն ճանապարհ ընկան դեպի ամառանոց։
Իսկ իշխանուհին մնաց մենակ՝ իրեն պաշտող Պետրովի հետ։ Անկարելի է նկարագրել, թե ինչ էր կատարվում նրա ներսն այդ ժամանակ, անկարելի է պատմել այն կատաղությունն ու հուսահատությունը, որ պաշարել էին նրան այդ ժամանակ։ Հարունյանը փախա՜վ նրանից, հեռացա՜վ և տարավ յուր հետ նրա սիրտը, հոգին, միտքը— նրա բոլոր գոյությունը...— Տարա՜վ, հափշտակն՜ց այդ ամենը, թողնելով նրան միայն վիշտ, ծանր կեղեքիչ, անտանելի վիշտ... Եվ առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ, իշխանուհի, գոռոզ, հպարտ իշխանուհի Մելիքյանի գեղեցիկ աչքերից արտասուք, ծանր, դառն, արտասուք թափվեց... Մինչև այժմ, որ Հարունյանը միշտ խույս էր տալիս նրանից— այդ նա դեռ կարողանում էր տանել, որովհետև, որքան էլ այդ մարդը իրեն հեռու պահեր նրանից, այնուամենայնիվ,