Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք համբերությունից դուրս գալով, ծափահարում էին, մոռանալով, որ մինչև նշանակյալ ժամանակը տակավին կես ժամ կա, իսկ ոմանք ժպտալով, կամ լուրջ կերպով զրույց էին անում միմյանց հետ։

Ստեփաննոս Հարունյանը (այդպես էր կոչվում տղամարդը) մի բարձրահասակ, լայն թիկունքով և վեհանձն մարդ էր։ Նա շատ ծանր և լուրջ էր, ինչպես առհասարակ լինում են խելացի և հաստատակամ բնավորությունները։ Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից։ Նա կլիներ մոտ երեսունևհինգ տարեկան, բայց նրա դեմքը հենց առաջին հայացքից կեղծում էր, նրան այդ տարիքից ավելի երիտասարդ ցույց տալով։ Ազնվությունն ու բարությունը միախառնվելով՝ նրա գեղեցիկ և փոքր֊ինչ այլայլված դեմքին տվել էին մի այնպիսի արտահայտություն, որ նայողը կամենում էր նրան փոքր֊ինչ երկար նայել, առավելապես նրա համար, որպեսզի ասեր.— ի՜նչ քաղցր մարդ է դա։ Նրա երկար ու լայն շիկագույն մորուքը, որին նա սովորություն ուներ ստեպ֊ստեպ ձեռքով հարթելու, ծածկում էր գրեթե լայն, դուրս ընկած կուրծքի մի մասը։ Երբեմն նա սովորություն ուներ յուր մեծ֊մեծ, խոհուն աչքերը կիսախփել և այդ ժամանակ նրա դեմքը փոքր֊ինչ մռայլվում էր, գրեթե մելամաղձոտ արտահայտություն էր ստանում. բայց նա բնավ մելամաղձոտ չէր, որին և վկա էր նրա գրավիչ, փափուկ ձայնը։ Նա ծառայում էր տեղական արքունական պալատներից մինում մեծաքանակ ռոճիկով։ Ամբողջ տասը տարի նա վարում էր յուր պաշտոնը, և ոչ ոք նրա մասին մի դժգոհություն չէր հայտնել։ Բոլոր նրան ճանաչողները սիրում և հարգում էին նրան։ Ամենքը մատնացույց էին անում նրա վրա, իբրև մի անկեղծ, ճշմարիտ և յուր կոչմանն ու պաշտոնին հավատարիմ մարդու վրա։ Նրա անկեղծությունն ու ճշմարտությունը մի այնպիսի հռչակ էր հանել պալատում, որ ամենքը նրա ստորադրյալներից ամբողջ մարմնով դողում էին, երբ նա հաշիվ էր պահանջում նրանցից իրենց հանձնված գործերի մասին։ Նրանք երկյուղ էին կրում, թե միգուցե նա մի որևիցե զեղծումն գտնե իրենց կատարած գործերի մեջ։ Եվ վա՜յ նրան,