Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնոջից այնքան մեծ ուժ չէր պահանջում։ Ուրեմն ի՞նչ մեծ հերոսություն էր անում նա, երբ այդպիսի չնչին ուժ ունեցող մարդկանցից հարյուրներով էր յուր ստրուկը դարձնում, ի՞նչ մեծ հաղթության բավականություն էր ստանում նա, երբ այդ մարդիկն այնքան չնչին, այնքան թույլ, այնքան ողորմելի արարածներ էին...

«Այն ժամանակ միայն ես մեծ հերոսություն արած կլինեմ, ինձ գերիշխող համարած կլինեմ, երբ այդ չնչին, ողորմելի մարդկանց տեղ ստրուկ կդարձնեմ Հարունյանին»,— վերջ տվեց իշխանուհի Մելիքյանն յուր մտածության։

Այժմ ի՞նչ անեմ։ Իհարկե, ձեռքերը խաչած չպիտի նստեմ։ Պետք է գործել, պետք է հետամտել պարոն Հարունյանին, մի րոպե անգամ հանգստություն չպիտի տալ նրան։ Հերոսություն չէ փախչել մի կնոջից և նրան հաղթված համարել. թող նա պատերազմի դեմ առ դեմ, եթե ունի այդ ուժն, և հաղթե նրան... Այո՛, այդ դեպքում միայն նրա պատերազմը պատերազմ կարելի է համարել և հաղթությունը — հաղթություն. այդ դեպքում միայն կինը կարող է նրա ստրուկը դառնալ և խոստովանել, որ կնոջ ուժն անպայման կարելի չէ գերակշռող համարել տղամարդի ուժից... Այո՛, թող Հարունյանն այդ ապացուցի գործով— և այնուհետև՝ հաղթել է գեղեցիկ իշխանուհի Մելիքյանին։ Այն ժամանակ միայն նա իրավունք ունի գոռալու ամբողջ աշխարհի մեջ ի գիտություն բոլոր չհավատացողների, որ այո՛, տղամարդի ուժը կարող է գերակշռել կնոջ ուժից։

«Մի դողար, եթե այր ես, պարոն Հարունյան— ես գալիս եմ քո ետևից։ Ես իշխանուհի Մելիքյանը չեմ լինիլ, եթե քո այդ խիստ ամուսնական հավատարմությունդ ոտիս տակ չառնեմ...»։

Եվ նա վճռեց անպատճառ գնալ Հարունյանների ետևից։ Բայց դարձյալ երես առած պատվի զգացմունքը բարձրացրեց յուր անողոքելի ձայնը, որ այդ բանը հպարտ իշխանուհի Մելիքյանի կողմից ստրկություն է համարում։ Սակայն ինքը՝ հանգամանքը, դեպքերի զուգադիպությունն օգնեց նրան այդ բանում։ Նա իմացավ, որ Հարունյանները գնացել են հենց այն ամառանոցն, որտեղ գտնվում էր նրա