Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնողների գեղեցիկ դաստակերտը, որ, նրանց մահից հետո, ի թիվս մյուս բոլոր կալվածքների, մնացել էր նրան իբրև ժառանգություն։ Առանց այն էլ, նա մտադիր էր ամառն յուր այդ դաստակերտում անցկացնելու։ Ուրեմն պարոն Հարունյանը տեղիք չի ունենալ կարծելու, որ իշխանուհի Մելիքյանը նրան հետամուտ լինելու դիտավորությամբ է գնացել միևնույն ամառանոցն, ուր և ինքը։ Ուրեմն պետք է շտապել, քանի որ պարոն Հարունյանի սրտում տակավին շարունակվում էր վառվել դեպի իշխանուհին ունեցած սերն, և քանի որ այդ սիրո կրակը չէր հանգել։ Պետք է շտապել նորից բորբոքելու այդ սիրո կրակն այնպես, որ ոչինչ համառ բնավորություն, ոչինչ հաստատակամություն նրան հանգցնել չկարողանա։

«Այժմ դու արդեն իմ ձեռքին ես, պարոն Հարունյան։ Դու կարծում ես, թե ես այդպես հեշտ կթողնեմ արհամարհելու, ծաղրելու սերը, կնոջ ուժը... Օ՜, զգուշացի՜ր, զգուշացի՛ր, այդ շատ հանդուգն քայլ է...»։

Երկու օրից հետո, երբ իշխանուհին պատրաստվում էր գնալու ամառանոց, Պետրովը դարձյալ այցելեց նրան։

— Դարձյալ դո՞ւք, դարձյալ դո՞ւք,— կանչեց առանց այն էլ կատաղած իշխանուհին։— Դուք ինձ վերջապես հանգիստ կթողնե՞ք, թե ոչ․․․

Պետրովը չոքեց նրա առաջ և աղերսագին տեսք ընդունեց։

— Իշխանուհի,— ասաց նա դողդոջուն ձայնով,— ինչո՞ւ դուք առավել ևս դառնացնում եք իմ թշվառ կյանքը․․․ դուք գիտեք, թե որտեղից որտեղ եմ եկել ես ձեր անգին սիրո համար․․. Դուք գիտեք, թե ո՛րքան և ի՞նչ սոսկալի կերպով ես տանջվել եմ այդ սիրուց․․․ Այս մի ամբողջ, անվերջ տարին ես ոչ հանգիստ քուն ունեմ և ոչ փոքր-ինչ ազատ մտածություն..․ Իմ սիրտս դառն է եղել ավելի, քան թույն, իմ միտքս աղոտ, մութ, խճճված է եղել ավելի, քան սոսկալի քաոս, որի մեջ ես ոչինչ, ոչինչ չեմ կարողացել որոշել, բացի ձեր աներկրային, հրեշտակային պատկերը, որ դրոշմված է եղել ուղեղիս և սրտիս վրա, որպես մի անջնջելի պայծառ վիմագրություն... Եվ հոգուս աչքերով ես նայել եմ այդ պատկերին, նայել եմ և սքանչացել, նայել եմ