նրա ձեռքից, որին նա կամենում էր մոտեցնել յուր շրթունքներին — շտապով դուրս գնաց սենյակից։
Պետրովը մնաց տեղն ու տեղը չոքած, սառած, ապշած, ինչպես մի երեխա, որի ձեռքից հանկարծ թռչում էր որսած թռչունը։ Մի րոպե նա մնաց նույն դրության մեջ, հետո վեր կացավ և, դարձյալ չկարողանալով խելքը գլուխը հավաքել, դուրս գնաց։ Դուրսը նա տեսավ իշխանուհու ճանապարհորդական կառքը, որի վրա նրա ծառաները բաներ էին դարսում։ Նա մոտեցավ իշխանուհու աղախնուն, որ կանգնած էր կառքի մոտ և հարցրեց.
— Իշխանուհին ուրիշ տե՞ղ է գնում։
— Այո։
— Ո՞ւր։
— Ամառանոց։
— Ո՞ր ամառանոցը։
Աղախինը տվավ ամառանոցի անունը։ Պետրովը հեռացավ։
Մի Ժամից հետո իշխանուհին յուր աղախնի հետ շտապում էր դեպի ամառանոց Հարունյանի ետևից։
Ամառանոցն, ուր բնակվում էին Հարունյաններն և ուր գտնվում էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը, շրջապատված էր անտառով, որի շնորհիվ և ամառանոցի օդն այնքան զով և առողջարար էր։ Անտառի մեջ կտրատում էին միմյանց զանազան լայն ու նեղ ճանապարհներ, ինչպես այգիի ճեմելիքներ՝ ծածկված անթիվ ծառերի սաղարթախիտ ճյուղերով, որոնց տակը բնավ չէին թափանցում անտառային արևի հրատապ ճառագայթները։ Այդ ճանապարհները, որոնք տանում էին հեռուն՝ դեպի անտառի խտություններն, ուր և նրանք դարձյալ միանում էին միմյանց հետ— հատկապես շինված էին ամառանոցի բնակիչների