Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, որոնք ամեն օր դուրս էին գալիս այդտեղ զբոսանքի։

Պարոն Հարունյանը, որին փոքրիշատե հաջողվել էր սառեցնել յուր մեջ ապօրինի սիրո զգացմունքը, գրեթե ողջ օրն յուր կնոջ, որդու և եղբոր հետ անց էր կացնում այդ անտառում։ Նրանք առանձնանում էին անտառի խտության մեջ և, նստելով կանաչ խոտերի վրա, հովասուն ծառերի մշտական ստվերի տակ՝ Արմենակը թերթում էր յուր օրինագիրքը, մի քանի քայլ հեռու փոքրիկ Հայկանուշը խաղում էր յուր դայակ֊դաստիարակչուհու հետ, իսկ պարոն Հարունյանն ու յուր կինը պարապում էին ընթերցանությամբ, կամ բոլորը միասին հավաքվելով՝ պարապում էին քաղցր խոսակցությամբ։ Մի տեսակ անպատմելի թեթևությունն էր զգում Հարունյանն, երբ նայում էր յուր կնոջ խոնարհ, անմեղ աչքերին և գիտեր, որ յուր սրտի վրա ոչինչ հանցանք չէ ծանրացած դեպի նա, նամանավանդ, որ այդ հանցանքի առիթն ակամայից ներկայանալով, նա ի բոլոր սրտե ցանկանում էր նրանից հեռու փախչել։ Այո՛, թեպետ նոր սերը կլանել էր նրա ամուսնական սիրույն, բայց և այնպես նրա խիղճը չէր կարող տանջել նրան, քանի որ նա չէր անձնատուր եղել այդ նոր սիրույն և երբեք էլ չէր կամենում նրան անձնատուր լինել, այլ, ընդհակառակը— կամենում էր դուրս կորզել Նրան յուր սրտից և նորից տեղ տալ ամուսնական ամենաքաղցր, ամենահանգիստ սիրույն։

Փոքրիկ Հայկանուշին— իրենց այդ միակ զավակին՝ հայր և մայր սիրում էին ծնողական ամենաքնքուշ սիրով, գորովով։ Ինչպես կինը, նույնպես և ամուսինն այդ զավակի մեջ տեսնում էին այն անխզելի կապը, որ անպայման կերպով միացնում էր նրանց միմյանց հետ։ Այդ զավակն էր գլխավոր պատճառը, որ Հարունյանը ոչինչ հարաբերություն չէր կամենում ունենալ իշխանուհի Մելիքյանի հետ, որ նա այնպես, գրեթե անձնազոհությամբ, պատերազմում էր անդադար յուր մեջ բորբոքվող ապօրինի սիրո դեմ։ Այդ զավակը, կարծես, մատակարարում էր նրան նոր ուժ, նոր եռանդ շարունակելու մինչև վերջն այդ բարոյական պատերազմը։ Այդ սիրուն փոքրիկ երեխայի ամեն մի թոթովանք, մանավանդ երբ այդ նրա անունն էր լինում— «հայլիկ»,