նրան ամեն բան մոռացնել էր տալիս և, իսկույն առնելով նրան յուր հայրական գրկի մեջ, նա անդադար սեղմում էր յուր կրծքին, որի տակ ցնծում էր նրա սիրտը, խնդում էր նրա հոգին։ Նա սկսում էր համբուրել այդ հրեշտականման երեխայի անմեղ, քնքուշ, փոքրիկ շրթունքները, որոնցով նա արտասանում էր «հայլիկ» երկնային, կյանք տվող բառն ամեն մի հոր, և մի տեսակ պայծառ հայացքով ու անխոս՝ նայում էր յուր կնոջ քաղցր ժպտող աչքերին, կարծես, հայտնելով նրան յուր անհուն շնորհակալությունն, յուր բոլոր երախտագիտության զգացմունքը, նրա պարգևած այդ ամենաքաղցր երջանկության համար։ Օ՜, ի՞նչը կարող էր մրցել ծնողական այդ երկնատուր, նվիրական երջանկության հետ...
Մյուս կողմից, տեսնելով յուր բարի, խոնարհ, հավատարիմ կնոջը, որ բոլոր սրտով կապված էր նրա հետ, որ նրա մեջ էր գտնում յուր ամուսնական երջանկությունն և անպայման հավատում էր նրա հավատարմությանը— նա զգում էր, որ խիղճն երբեք չէր կարող իրեն ներել, եթե նա դրանից խլեր յուր սիրտը— ամուսնական երջանիկ սիրո այդ քաղցրատենչ աղբյուրը— և ընծա բերեր մի ուրիշ, օտար կնոջ։ Եվ ինչո՞ւ հավատարիմ չլինել կնոջն, երբ կինը նրան հավատարիմ է։ Ինչո՞ւ քակտել ամուսնական ամենասուրբ, նվիրական պայմաններն, երբ նա երբե՛ք իրավունք չունի այդ անելու, բացի դրանից, երբ այդ քակտման հետևանքը բարոյական սոսկալի տանջանք էր։ Աստծո սուրբ տաճարի մեջ բազմաթիվ վկաների առաջ, հրապարակորեն նա ուխտել էր հավատարիմ մնալու յուր կնոջը՝ մինչև մահ ու գերեզման և միայն ևեթ այդ սրբազան ուխտն անբիծ պահպանելու մեջ է կայանում իսկական ամուսնության բարոյական ամենաքաղցր երջանկությունը։ Նա այդ բոլորը հասկանում էր, և ի՜նչ մեծ սխալ, հանցանք կլիներ նրա կողմից, որ յուր այդ սեփական երջանկությունն յուր կամքով մի կողմը հրեր և անձնատուր լիներ ամենասոսկալի թշվառությանն․․․ Ո՛չ, ո՛չ, ամուսնական հավատարմությունը քաղցրագույնն է։ Ոչինչ այնքան գովելի, ոչինչ այնքան սրբանվեր կարող չէ լինել, որքան այդ հավատարմության