Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար ունեցսէծ բարոյական պարտավորեցուցիչ պատերազմը։

Հարունյանը յուր ամուսնական հավատարմությունը պահպանելու համար դատում էր և մի ուրիշ տեսակետից։

— Ի՞նչ կաներ նա, եթե իրեն սիրելի, պաշտելի կինն իրեն դավաճաներ, սիրային հարաբերություն ունենար մի ուրիշ մարդու հետ։ Նա պետք է նայի յուր պաշտելի կնոջը, որ մի ժամանակ նրան հրեշտակ էր թվում, նա պետք է գրկի նրան, մի րոպե միայն կարծելով, որ գրկում, համբուրում է միևնույն հրեշտակին, բայց հանկարծ ամենադառը գիտակցությունն յուր սոսկալի շանթը պետք է ցցի նրա ուղեղի և սրտի մեջ— և նա սարսափով դեն պետք է հրե նրան յուր գրկից՝ նրան թունավոր օձ կարծելով։— Այո՛, տանջանքը սոսկալի է։ Բայց գիտենալով, տեսնելով, որ յուր կինը սիրում է, պաշտում է իրեն— և հանկարծ ի՞նքը դավաճանի նրան, սիրային հարաբերություն ունենա մի ուրիշ կնոջ հե՞տ։ Ի՞նչ կլիներ այդ դեպքում կնոջ դրությունը։ Մի՞թե միևնույն բարոյական սոսկալի տանջանքը չպետք է զգար և նա։ Եթե նա կարող էր պահանջել յուր իրավունքը կնոջ վերաբերությամբ և ամենախիստ կերպով, ինչո՞ւ այդ միևնույնը չէր կարող և կինը նրա վերաբերությամբ։ Չէ՞ որ ամուսնական յուրաքանչյուր գործում նրանց իրավունքները հավասար են միմյանց, և նրանք պարտավոր են միմյանց հաշիվ տալու մինչև անգամ ամենաչնչին գործի մեջ։

«Ո՛չ, ես պե՛տք է և պե՛տք է հավատարիմ մնամ իմ ամուսնական կապին— ասում էր նա այդպիսի մտածմունքներից հետո։— Երբե՛ք ես չպիտի դավաճանեմ այդ կապին, և ավելի՛ն, որ ես ամեն բան հասկանում եմ, տեսնում եմ դրա մազաչափ չարիքներն անգամ»։

-------

Երեկո էր. եղանակը՝ հիանալի։ Ամառանոցի բոլոր բնակիչները լցրել էին անտառը։ Հարունյան ամուսինները, որոնք արդեն հինգերորդ օրն էր, ինչ ամառանոցումն էին, նույնպես դուրս էին եկել զբոսանքի։ Արմենակը նրանց հետ չէր. նա նույն օրն յուր մի քանի վաղեմի ընկերների հետ, որոնց պատահել էր ամառանոցում, որսի էր գնացել։ Բոլոր