զբոսնողների դեմքի վրա կարելի էր նկատել ուրախություն ու հրճվանք, ամենքը ժպտալով ու ծիծաղելով խոսում ու զրուցում էին, միայն Հարունյան ամուսինները շրջում էին գրեթե տխուր ու լուռ։ Երևում էր, որ նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր մի-մի մտքով։
— Ստեփաննոս, երանի գիտենամ իշխանուհին այժմ ի՞նչպես է,— ասաց վերջապես տիկին Հարունյանը։— Ահա հինգերորդ օրն է, ինչ նրանից լուր չունենք, և ես միշտ նրա մասին եմ մտածում... Տեսնես դարձյալ գլուխը ցավո՞ւմ է, թե ոչ... բայց ես զարմանում եմ, ճշմարիտ, թե այդ ի՜նչպիսի գլխացավ է, որ այդպես երկար է տևում... Այդպիսի գլխացավ մի՞թե լինում է, Ստեփաննոս։
— Ինչպե՞ս չէ,— պատասխանեց Հարունյանը, որ արդեն վաղուց գիտեր, թե ինչպիսի գլխացավ էր իշխանուհի Մելիքյանի գլխացավը։— Եվ այդպիսի գլխացավը շատ վատ է...
— Մի՞թե․․․ Այժմ երևակայում եմ, թե ո՞րպես տանջվելիս պիտի լինի նա․․․ Խե՜ղճ Սոֆիա... Ա՜խ, եթե դու գիտենաս, ի՜նչպես ես սիրում եմ նրան, Ստեփաննոս... Միշտ, ամեն րոպե նա յուր տխուր, թախծալի դեմքով, կարծես, կանգնած է իմ առաջ. չեմ կարողանում նրան մի րոպե անգամ գլխիցս հանել։ Այսօր ես կամենո՛ւմ էի նրան մի նամակ գրել, բայց հանկարծ, չգիտեմ ինչո՞ւ, ինձ թվաց, որ նա ինձ ատում է... չէ սիրում։ Այդ ժամանակ մի տեսակ ճմլվեց սիրտս․․․ ակամայից հիշեցի այն սառը վարմունքն և խոսակցությունը, որոնցով նա հանդիպում էր ինձ միշտ այս վերջին ժամանակներս, կարծես, մեկը ներսից ինձ ասելիս լիներ, որ նրա այդ սառը հանդիպումն ոչ թե գլխացավից է, այլ... ատելությունից։ Եվ իրավ որ՝ ես չեմ կարողանում այժմ հաշտվել այն մտքի հետ, թե մարդ ի՛նչպիսի գլխացավ պիտի ունենա, որից ստիպված այնպես սառը, գրեթե արհամարհանքով վերաբերվի դեպի յուր այն սրտակից բարեկամը, որի հետ առաջ այնպես քաղցր, սիրով էր վարվում... Մի՞թե այդ կարելի է, եթե նա չէ սկսել ատել... բայց ինչո՞ւ նա ինձ պիտի ատե,— վերջապես կանչեց տիկին Հարունյանը, որ գրեթե մոռացել էր, թե որտեղ է գտնվում, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։