Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ում մեջ այդ գտնում էր.— նա անմիջապես զրկվում էր յուր պաշտոնից։ Շատերին էլ նա առաջին անգամը ներում էր, բայց այն պայմանով միայն, որ ոչ մի ժամանակ այլևս այդ չկրկնվի։ Սակայն, ինչպես ամեն մի ճշմարիտ մարդու, նույնպես և նրան, կային մարդիկ, որոնք ատում էին և նրա վրա չարախոսում էին, և այդ հասկանալի է, թե ինչու և ինչպիսի մարդիկ պիտի ատելիս լինեին նրան... Ճշմարտության ու անկեղծության անհաշտ թշնամիներն ամեն կերպ աշխատում էին արատ ձգել նրա անբիծ անվան վրա, բայց զուտ փայլուն ոսկին իրեն վրա ոչ մի ժանգ չի ընդունում, նա շարունակում է ավելի ու ավելի փայլել և յուր պայծառ շողերով ծակծկել, կուրացնել նրանց աչքերը...

Նրա կինը, տիկին Նունե Հարունյանը, քսանևհինգ տարեկանից ավելի չէր կարող լինել։ Նա այնքան քնքուշ էր, նրա փոքրիկ դեմքի գծերն այնքան նուրբ էին, որ առաջին հայացքից ավելի մի մանկահասակ աղջկա էր նմանում, քան կնոջ, որի դեմքի վրա սովորաբար և բնականաբար այլևս չէին փայլում կուսական թարմությունը, անփորձությունը, անհոգությունը։ Նրա դեմքի և ձեռքերի սպիտակ-դեղնագույն կաշին այնքան նուրբ էր, այնքան թափանցիկ, որ իսկույն կարելի էր նշմարել, թե ի՛նչպես ճյուղավորվում էին դրա տակ նրա կապույտ երակները։ Նրա սև հենքերը, փայլուն մազերն և մանավանդ մեծ-մեծ ու միշտ ժպտող ու խոնարհ աչքերը, որոնց մեջ նկատվում էր մի տեսակ, գրեթե կուսական ամոթխածություն— ավելի պատիվ կբերեին մի խոշոր գեղեցկուհու, քան դրան, որ, ըստ երևույթին, մի հիվանդոտ կնոջից ոչնչով չէր զանազանվում։ Բայց մի բան, որ ամենաանհարմար կերպով խանգարում էր նրա քնքշատիպ գեղեցկության ներդաշնակությունը— այդ նրա հարթ կուրծքն էր, որ կարծես զուրկ էր ստինքներից— կնոջ արտաքին փայլի այդ պսակներից։

Նրանց մտնելուց հազիվ թե անցել էր հինգ րոպե, երբ հանկարծ բացվեցավ նրանց կից օթյակի դուռը, և մի շքեղ սևազգեստ կին վեհապանծ ներս մտավ։ Նրա մտնելուն պես բոլորը՝ թե՛ օթյակներից, թե՛ պարտերից և թե՛ մինչև անգամ վերնահարկից՝ աչքերը դեպի նա դարձրին և բոլորն