Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իսկ ես կարծում էի, թե այդ գլխացավից մահ կարող է առաջանալ։

— Չէ՛, ի՞նչ ես ասում. այդպիսի բան չի կարող պատահել. բայց շատ կտանջվի...

— Բայց ինչի՞ց է պատահում այդ գլխացավը։

— Չգիտեմ...

— Ես կարծում եմ շոգերից։

— Գուցե․․․

— Ես վաղն անպատճառ նրան նամակ կգրեմ․ չեմ կարող համբերել։ Կգրեմ, որ շուտով գա այստեղ, որովհետև այստեղ շատ հով է։

— Գուցե նա մտադրություն ունի ուրիշ ամառանոց գնալու, ինչո՞ւ դու ուզում ես, որ նա անպատճառ այստեղ գա,— ասաց Հարունյանն իսկույն մի տեսակ երկյուղ կրելով, թե մի՛ գուցե իշխանուհին, իրավ որ, գար միևնույն ամառանոցը, իսկ հենց այդ բանից նա խույս էր տալիս, որովհետև շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կունենա այդ բանն յուր համար այժմ, երբ արդեն փոքրիշատե սկսել է հանգիստ ապրել։

— Նա ուրիշ ամառանոց չի կարող գնալ,— պատասխանեց կինը,— որովհետև նրա ժառանգական դաստակերտն այստեղ է գտնվում։

— Ա՜...— երկարացրեց Հարունյանը։— Ես այք չգիտեի,— իսկ մտքումը,— «ապա թե ոչ ուրիշ ամառանոց կգնայի... բայց ոչի՛նչ. կպատերազմեմ դարձյալ, ճակատագիրս ինձ փորձում է»...

Եվ նա ակամայից մտածության մեջ ընկավ։

— Ահա՛ նա,— հանկարծ անզուսպ ուրախությամբ կանչեց տիկին Հարունյանն և, թողնելով ամուսնու թևը, առաջ վազեց։

Այդ բացականչության վրա Հարունյանը հանկարծ սթափվեց յուր մտածությունից և իրենից յոթ-ութ քայլ առաջ տեսավ իշխանուհի Մելիքյանին։ Նույն վայրկյանին հանկարծ ինչ-որ շարժվեց նրա սրտում և մի տեսակ անբացատրելի երկյուղ, որի հետ խառն էր և ուրախության նման մի բան, ցնցեց նրա ողջ մարմինը։ Այդ բոլորն այնպես հանկարծակի և անսպասելի կերպով եղավ, որ առաջին