վայրկյաններին նա գրեթե ուշքը կորցրեց, աչքերը մթնեցան. բայց երբ նա Նորից սթափվեց, տեսավ, որ սիրտը սաստիկ, գրեթե ցավ տալով, բաբախում է, և զգաց, որ գույնը նետել է։ Նա շուտով իրեն հավաքեց։ Իսկույն հասկացավ, թե ինչ էր այն, որ այդ կարճ միջոցում կատարվեցավ յուր մեջ և, աշխատելով յուր առաջվա անտարբեր դրությունն ընդունել ու իրեն ոչ մի բանով չմատնել, մոտեցավ իշխանուհուն այն ժամանակ, երբ յուր կինն արդեն սաստիկ կարոտալից ամուր֊ամուր սեղմում էր նրա ձեռքերն և հարցնում էր նրա առողջությունը։
— Շնորհավոր լինի ձեր գալուստն, իշխանուհի,— ասաց նա յուր գրավիչ ձայնով, որն այնքան դուր էր գալիս իշխանուհուն, և իրեն հատուկ քաղաքավարությամբ գլուխ խոնարհեցրեց նրան։
— Ա՜, պարոն Հարունյան, այդ դո՞ւք եք,— դեմքը դեպի նա դարձնելով ասաց իշխանուհին, որ նրա մոտենալը դիտմամբ չտեսնելու էր տվել։— Բարև ձեզ։
Եվ, զսպելով յուր ներքին շփոթությունը, նա սառնությամբ մեկնեց դեպի նա յուր գեղեցիկ ձեռքը։
արոն Հարունյանը նկատեց այդ և նույն սառնությամբ սեղմեց նրա ձեռքը։
— Շա՞տ ժամանակ է, ինչ դուք պատիվ եք քերել այստեղ, իշխանուհի,— հարցրեց նա։
— Երեկվանից։
— Իսկ ես կամենում էի վաղը քեզ նամակ գրել, Սոֆիա, կարծելով, որ տակավին դու քաղաքումն ես,— ասաց տիկին Հարունյանը, որին ընկերուհու հանդիպումն մեծ ուրախություն էր պատճառել, չնայելով այն սառնությանը, որով դարձյալ ընդունել էր նրան այս վերջինս։— Բայց լավ է, որ այժմ մենք պատահեցինք միմյանց։ Ես բոլորովին չէի սպասում այդ, Սոֆիա... Մի քանի րոպե առաջ մենք քո մասին էինք խոսում...
— Հա՞․․․— ասաց երկարացնելով իշխանուհին և յուր գեղեցիկ աչքերը դարձնելով պարոն Հարունյանի դեմքի վրա, մի վայրկյան միայն ուղղակի և սուր կերպով նայեց նրա աչքերի մեջ։— Բայց ի՞նչ էիք խոսում իմ մասին...