Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մենք խոսում էինք ձեր գլխացավի մասին, իշխանուհի,— շտապեց պատասխանել պարոն Հարունյանը։— Նունեն շատ տխրել էր ձեր մասին, որ այդպես տանջվում եք գլխացավից և հարցնում էր, թե մի՞թե գլխացավն այդպես երկար կարող է տևել. իսկ ես հավատացնում էի, որ ձեր գլխացավը հասարակ գլխացավերից չէ, այլ բոլորովին ուրիշ գլխացավ...

Իշխանուհուն թվաց, որ յուր այդ խոսքերով սա ծաղրում է իրեն, հետևաբար նա հասկացել է, թե ինչ է իսկապես նրա կեղծ գլխացավը։ Կատաղությունը նորից բորբոքվեցավ նրա սրտի մեջ, բայց նա անզոր էր և բավականացավ միայն յուր վարդագույն շրթունքները կրծելով, ընդսմին աշխատելով այդ կատաղությունն ուրիշ ոչ մի բանով երևան չհանելու, մանավանդ, որ նա զգում էր, թե ինչպես պարոն Հարունյանի աչքերը հետամուտ էին լինում յուր դեմքի արտահայտությանը։

— Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, իշխանուհի,— հարցրեց պարոն Հարունյանը։

— Մի փոքր լավ...

— Ուրեմն անցնո՞ւմ է գլխացավը։

— Այո...

— Փառք աստուծո, որ դուք այլևս այնպես չեք տանջվիլ․․․ Նունեն գտնում էր, որ այդ շոգերից է, և ես հավանություն էի տալիս. իսկ այժմ պարզ երևում է, որ այդ իսկապես այդպես է եղել, որովհետև, ահա, երկու օր չկա ընդամենն, ինչ դուք շնորհ եք բերել ամառանոց, և գլխացավն արդեն սկսում է անցնել... Իզուր դուք այսքան ժամանակ քաղաքում մնացիք. եթե դուք վաղ հեռանայիք քաղաքից, գուցե բոլորովին էլ գլխացավ չստանայիք... Թիֆլիսն առհասարակ սարսափելի շոգեր գիտե, և այդ շոգերը պիտի ազդեին մանավանդ ձեզ վրա, որովհետև դուք սովորած եք հյուսիսի սառը կլիմային։

Իշխանուհու կատաղությունը կրկնապատկվեցավ. կարծես, մի սոսկալի կրակ բորբոքվում էր նրա մեջ և այրում, կիզում էր նրա ամբողջ ներսը։

Այո՛, այդ մարդը, այդ անգութ մարդն ամեն բան հասկանում է և ուղղակի ծաղրում է նրան, փորձում է նրան