Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ամենասոսկալի կերպով և մի մազաչափ անգամ չէ խղճում նրան... մինչև անգամ նրա ժպիտի մեջ երևում է բացարձակ հեգնություն... նա զգաց, որ եթե մի փոքր էլ մնալու լինի նրանց մոտ, այլևս անկարելի կլինի իրեն զսպել և մի առանձին բան կանե, որով կարող է իրեն բոլորովին մատնել, ուստի, առանց այլևայլության, պատճառ բերելով դարձյալ գլխացավը, նա սեղմեց նրանց ձեռքն ու հեռացավ։

Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանի լեզուն, կարծես, կապվեցավ։ Այնուհետև մինչև տուն գնալը նա ոչ մի բան չասաց ամուսնուն։ Պարոն Հարունյանը նույնպես լուռ մնաց։

Նրանք գնացին տուն։ Մի քանի րոպեից հետո եկավ և Արմենակը որսորդական հագուստով և հրացանն ուսին։

— Արև՛ս վկա, իշխանուհին եկել է ամառանոց,— գոռաց նա ներս մտնելով եղբոր և հարսի մոտ։— Սո՞ւտ եմ ասում։

— Այո, եկել է՛,— պատասխանեց եղբայրը։

— Դու տեսա՞ր նրան։

— Ոչ։

— Հապա ի՞նչպես գիտես, որ արևովդ էլ երդվում ես։

— Ինչպե՞ս,— կանչեց ծիծաղելով Արմենակը։ Ի՞նչպես են իմանում՝ մի երկրում գարունն եկել է թե ոչ։— Երբ տեսնում են ծիծեռնակը թռչում է դեպի այն երկիրը...

— Ոչինչ չենք հասկանում քո ասածներից։

— Այսօր տեսա Պետրով ծիծեռնակին, տեսա դեպի ամառանոց թռչելիս,— կանչեց ավելի բարձրաձայն ծիծաղելով Արմենակը։— Ուրեմն իշխանուհի-գարունն այստեղ է...

ԺԱ
ՆՈՐ ՇԱՄԻՐԱՄ

Գրեթե ողջ ամառանոցում չկար մի այնպիսի գեղեցիկ կալվածք, որպիսին էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը։ Նա շրջապատված էր մի փոքրիկ պարտեզով,