շշնջյուն․ լսվում էր և փոքրիկ շատրվաններից բարակ հոսանքով դուրս բխող ջրի միակերպ ձայնը։ Ջուրը, բարձր նետվելով, փռվում էր խուրձի նման և, բաժանվելով ամենամանր գոհարանման կաթիլների, նորից թափվում էր փոքրիկ ավազանը։ Այդ կաթիլները զանազանագույն հրաշալի ցոլումներով, խաղալով լուսնի պայծառ լույսի տակ և ընկնելով ավազանի ջրի մեջ, հանում էին մի այնպիսի հեզահուշ ճողփյուն, որ բոլորովին լրացնում էր այդ խաղաղ գիշերի բոլոր սքանչելիությունը։
Իշխանուհին նստած էր անշարժ և ձեռքերը կցած։ Նրա աչքերը հառած էին շատրվանի հենց այն կետին, ուր ջուրը խուրձի գեղեցիկ տեսք էր ստանում։ Նա կարծես ամենախորին ուշադրությամբ զննում էր, թե ի՛նչպես այդ կետում բաժանվում էր ամեն մի կաթիլն և ի՛նչ տեսակ գույներ էին ցոլանում նրա մեջ լուսնի լույսից։ Լուսինն ուղղակի լուսավորում էր նրա գեղեցիկ դեմքը, որ այդ գիշեր անսովոր կերպով գունատ էր։ Նա փաթաթված էր մոխրագույն, լայն և ազնիվ տեսակի շալի մեջ, որ իջնում էր մինչև նրա ոտների ծայրերը։ Նրա սև, փայլուն, հարուստ մազերը բոլորովին արձակ, անփույթ կերպով փռված էին ուսերի վրա և, իջնելով, փոքր-ինչ միայն կողքերից, ծածկում էին նրա՝ երևի ավելի ազատ շնչելու համար՝ կիսաբաց, հարուստ, սպիտակ, մարմարի կուրծքը, որ այդ ժամանակ բավական նկատելի կերպով, կարծես խիստ հուզված, բարձրանում ու ցածրանում էր։ Այդ գրությամբ նա այնքա՛ն գեղեցիկ էր, այնքա՛ն սքանչելի, որ նայողը իրեն մեղանչած կհամարեր՝ նրան հասարակ մահկանացուների կարգը դասելով։ Նա կարծես մի կատարյալ հավերժահարս էր, որ թողնելով յուր աստվածային բնակավայրը, իջել էր այդ գեղեցիկ պարտեզը՝ բաշխելու նրան յուր արժանավայել շուքը։ Նրան լավ դիտողը կնկատեր, որ նա իրեն շրջապատող սքանչելիություններից իսկապես ոչինչ չէր զգում և՛ ոչ թե մտածում էր շատրվանի վրա, այլ մինչև անգամ այդ չէր էլ տեսնում, չնայելով, որ նրա գեղեցիկ աչքերը միշտ հառած էին դրա վրա։ Նա այդ ժամանակ միայն մարմնով գտնվում էր այդտեղ, իսկ հոգով և մտքով մի ուրիշ տեղ, ուրիշի մոտ — նրա՛ մոտ, որ նրա սիրտը բոլորովին գրավել և երկար ժամանակից