Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն խառը մի փոքր երկյուղի ու զարմանքի հետ։ Սովորաբար այդպես են լինում նրանք, որոնք, երկար ժամանակ բոլորովին անձնատուր եղած լինելով իրենց սրտին ամենամոտ խոր մտածությանը, մինչև անգամ սթափվելուց հետո, առաջին վայրկյաններում, շարունակում են դարձյալ ապրել իրենց մտածության աշխարհում, որ այնուհետև հետզհետե սկսում է հեռանալ նրանց աչքերի առջևից, մինչև որ բոլորովին չքանում է, և նրանք, տեսնելով իրենց շրջապատող իրականության մեջ և զգալով այդ խիստ փոփոխությունն երևակայականից դեպի իրականությունը, սկսում են զարմանալ և մի տեսակ երկյուղ կրել, մանավանդ, եթե նրանք բոլորովին մենակ են ու գիշերով։ Անզգայականությունը փոքր առ փոքր սկսեց հեռանալ նրա դեմքից, իսկ երկյուղն ու զարմանքն՝ ավելանալ։ Նա մի առանձին ուժով վեր ցատկեց տեղից և չռած աչքերով սկսեց նայել դեպի վեր՝ այն ճյուղերի մեջ, որտեղից լսվեցավ բարձրաձայն խշխշոցը։— Ծառի ճյուղերից մեկի վրա լուսնի լուսով նա ինչ-որ սև բան տեսավ. այդ միջակ մեծությամբ մի թռչուն էր, որ երևի առաջվա նստած տեղն անհարմար գտնելով, ցած էր թռել մի ուրիշ ճյուղի վրա և այժմ յուր նոր տեղում պտտվում էր, աշխատելով հարմար կերպով նստել և խաղաղ ննջել։ Տեսնելով, որ իրեն այնպես վախեցնողը թռչունն էր, երկյուղը հեռացավ նրա դեմքից և մի տեսակ տանջված, լքյալ արտահայտություն ստացավ։ Նա շուռ եկավ և նայեց լուսնին։ Այլևս ոչինչ սև ամպեր չէին խանգարում նրան յուր լույսն առատորեն սփռելու ամենուրեք։

Նա, կարծես, ծիծաղելով արձակեց յուր լույսն և այժմ իրեն նայող գեղեցկուհու մազերով ցանված գունատ դեմքի վրա, որ և այդ ժամանակ ամենափայլուն մարմարի գույնն ստացավ։ Երևում էր, որ կեսգիշերից բավական անցել էր։ Օդը բոլորովին ցրտել էր։ Փչեց զով, մեղմ քամին՝ ծառերի տերևները, կարծես, տրտունջ հանելով, ավելի սկսեցին խշխշալ։ Իշխանուհին, որի ուսերից շալն ընկել էր, բաց անելով նրա կիսամերկ կուրծքը, թեթև կերպով ցնցվեց, զգալով յուր անդամների մեջ այդ ցուրտը։ Նա փաթաթվեց յուր շալի մեջ, ձեռքերը կցեց, գլուխը խոնարհեցրեց կրծքի վրա,