Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ծայրից մյուս ծայրն ու գոհարների նման ինչ֊որ բաներ պսպղում, հուրհրատում են նրանց վրա հազարավոր ճրագների լուսավորության առաջ... Այնուհետև նա տեսնում է իրեն շրջապատված ախտաբորբոք երիտասարդներով․․․ Նրանք՝ չոքած՝ նայում են նրա աչքերի մեջ, համբուրում են նրա ձեռքերը... Չքացավ այդ ամենը։ Նա տեսնում է Հարունյանին.․․ Այնուհետև նա վազում է նրա ետևից դեպի ամառանոց․․․ Պատահում է նրան անտառում․.. Անորոշ դրությամբ հեռանում է նրանից... Գիշերն ուզում է քնել․․. Հարունյանի պատկերն հանգիստ չէ տալիս նրան... Նա դուրս է գնում պարտեզ... Շրջապատող բնության գեղեցկությունն առավել ևս լարում է նրա ջղերն, և բորբոքված սերը ստեղծում է նրա առաջ զանազան քաղցր պատկերներ... Թռչունը վախեցնում է նրան։ Նա տուն է մտնում, պառկում է, և չքացավ ամենը։

Հանկարծ այդ ժամանակ նրան թվաց, թե դուռն անլսելի կերպով բացվեցավ, և մեկն ուրվականի նման, հանդարտ ներս մտնելով նրա ննջարանը, կանգնեց դռների մոտ ու մնաց արձանացած։ Նա սոսկաց, օձից խայթվածի նման իսկույն վեր թռավ տեղից և, սարսափից չռած աչքերով, հազիվ շնչելով, սկսեց նայել այդ գիշերային անկոչ հյուրին։ Վերջինս կանգնած էր նույն արձանացած դրության մեջ և անթարթ աչքով նայում էր ուղղակի նրա չռած աչքերին։ իսկ նա, որի ճակատին արդեն սկսել էին դուրս ցայտել սառը քրտինքի խոշոր կաթիլներ, ամբողջ մարմնով դողալով, շարունակում էր նայել նրան, չկարողանալով ոչ աղաղակել և ոչ մի շշունջ հանել, կարծես լեզուն պապանձվել էր։ Նա միայն նայում էր և նայում, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ գիշերային սարսափի վրա իրենից անկախ մի զորությունից, որ զգում էր յուր բոլոր անդամների մեջ. նայում էր և նրա վրա ոչինչ պարզապես չէր կարողանում որոշել ոչ հագուստն և ոչ դեմքի գծերը, բացի երկու անթարթ աչքերից, որոնք, որպես գայլի աչքեր, պսպղում էին գիշերային մթության մեջ և դրանով առավել ևս սարսափ ազդում։ Սակայն փոքր առ փոքր այդ անորոշ հագուստն ու դեմքի գծերն սկսեցին փոխվել, և գիշերային այցելուն