Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ, ըստ երևույթին, գրավվեցան նրա հենց առաջին հայացքից աչքի ընկնող հրաշալի գեղեցկությամբ։ Եվ իրավ որ նա անզուգական գեղեցկուհիներից մեկը կարող էր համարվել, եթե չհիշենք նրա տարիքը, որ մոտավորապես որոշելու համար՝ բավական չէր հեռվից միայն նայել կամ հարևանցի ակնարկ ձգել նրա վրա, որովհետև այդպիսի դեպքերում նա քսան, քսանհինգ տարեկան կնոջից ոչնչով չէր զանազանվում, այլ հարկավոր էր ավելի մոտիկից և երկար նայել նրա դեմքին— և նա մոտ երեսուն ամբողջ գարուններ անցրած կին էր երևում։ Յուր բոլոր արտաքին տեսքով նա ներկայացնում էր տիկին Հարունյանի բոլորովին հակապատկերը։ Կարծես, բնությունը, նրանց ստեղծելով, կամեցել էր ցույց տալ, թե որքան ինքը հմուտ է հակապատկերներ ստեղծելում։ Նա բարձրահասակ էր, ոչ հաստ և ոչ բարակ, բայց լի, հարուստ կրծքով, որ միշտ առանձին վեհությամբ դուրս ձգած լինելով՝ նրան թագուհու էր նմանեցնում։ Իսկույն երևում էր, որ նրա՝ առանց այն էլ գեղեցիկ դեմքին կոսմետիկ ասած բանը չէր դիպել երբեք, նայելով նրա բնական սպիտակ ու կարմիր այտերին, որոնց վրա փայլում էր տակավին երիտասարդության թարմության դրոշմը, և որոնք այդ գիշեր սաստիկ վառվում էին և նրա գեղեցկությունը կրկնապատկում։ Նշանավոր էր նրա կանոնավոր քիթն և առավել ևս նրա մեծ-մեծ, կրակոտ, թուխ աչքերն երկար թերթերունքներով, որոնք մի ակնթարթում կարողանում են նույնիսկ պաղարյուն յուրաքանչյուր երիտասարդի ընկճել և գերել։ Այդ գեղեցկուհու ազդեցությունը կրկնապատկում էր նրա շարժունությունը, որ հատուկ է լինում գլխավորապես ազնվական և եվրոպական-արիստոկրատ շրջաններում սնված և մեծացած կանանց։

Նախքան նստելը, նա առավ կրծքի վրա կախած պատկառելի պենսնեն և, մոտեցնելով աչքերին, սկսեց անցնել նախ բոլոր օթյակների կարգը, հետո նայեց դեպի ներքև, որից հետո, որպես հպարտ թագուհի, ձգվեցավ աթոռի վրա։

Հարունյանները հետաքրքրությամբ դիտում էին այդ՝ իրենց անծանոթ հարևան գեղեցկուհուն, որ այնպես վեհանձն ու ազատ էր պահում իրեն և, ինչպես երևում էր, բոլորովին մենմենակ էր եկել թատրոն։