սկսում էր ստանալ ուրիշ հագուստ, ուրիշ դեմքի գծեր, որոնք հետզհետե նրան ավելի ու ավելի ծանոթ էին թվում։ Որքան այդ ուրվականը նոր փոփոխություն էր ստանում, և այդ փոփոխությունը վայրկյան առ վայրկյան նրան առավել ևս ծանոթ էր թվում, այնքան նա դադարում էր դողալուց և վախենալուց. նրա դեմքի վրայից հեռանում էր սարսափն և ստանում էր մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտություն։ Նրա մինչև այժմ երկյուղից չռած, բայց այժմ ժպտող աչքերն սկսում էին փայլել մի առանձին փայլով, իսկ կուրծքը բարձրանալ ու ցածրանալ, կարծես մի տեսակ ներքին բորբոքումից, գրգռումից, որ հետզհետե սաստկանում էր...
Հանկարծ նա մի տենդային թռիչք գործեց դեպի գիշերային այցելուն, ընկավ նրա առաջ՝ ծնկների վրա և, ամուր գրկելով նրա ոտները, կանչեց կցկտուր ձայնով.
— Հարունյա՛ն, խղճա ինձ, ես քեզ սիրում եմ․․․
Յուր սեփական ձայնից, որ խուլ կերպով տարածվեցավ սենյակի գիշերային լռության մեջ, նա հանկարծ արթնացավ յուր անհանգիստ քնից։ Շտապով նստեց անկողնի վրա և երկյուղով նայեց դեպի դուռը։ Լուսինը բավական լուսավորում էր սենյակը. դուռը փակ էր, սենյակում ոչ ոք չկար։ Նա տեսավ, որ յուր տեսածը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ միայն երազ, և դրա մեջ երևացած գիշերային այցելուն իսկ և իսկ ինքը՝ Հարունյանն էր, որի մասին նա միշտ մտածում էր, առավելապես այդ գիշեր։ Բայց լուսամուտներից փչում էր վաղորդյան մեղմ, զով, գրեթե ցուրտ քամին, որ ներս էր բերում յուր հետ ծառերի խորհրդավոր շշնջյունը։ Բարձրում երևում էր երկնքի պարզ կապույտը, որի վրա նոր էր սկսում խաղալ ցերեկի ավետաբերը— ծիրանի արշալույսը։
Զգալով յուր բոլոր անդամների մեջ սաստիկ թուլություն, իշխանուհին պառկեց նորից, վերմակը վրան քաշեց և այս անգամ քնեց արդեն բոլորովին խաղաղ։