հանկարծ մի րոպե թվաց, որ յուր բոլոր հարստությամբ, յուր տակավին երիտաաարդ հասակով և մինչև անգամ յուր հրաշալի գեղեցկությամբ նախանձում է այդ անվիշտ ծերունուն, որին մինչև այդ հասակն, ինչպես երևում էր, տակավին ծանոթ չէին հոգեկան բոլոր խոր հուզմունքները, որի սրտի մեջ տակավին չէր կաթել դառնության և ոչ մի կաթիլ և որի ուղեղը դատապարտված չէր սոսկալի մտատանջությունների։ Այդ միևնույն րոպեին նա զգաց յուր կյանքի բոլոր դատարկությունը— և այդ առաջին անգամն էր։ Նա սարսափով նայեց այդ դատարկության մեջ և այնտեղ աչքի ընկնող ոչինչ, ոչինչ չգտավ։ Ինչո՞ւ համար է նա ապրել մինչև այժմ և ինչո՞ւ է ապրում։ Ի՞նչ մի նշանավոր գործ է կատարել մարդկության օգտին, յուր շրջապատողների օգտին։ Ահա ծերունին աշխատում է, քրտինք է թափում, աճեցնում է բուսականությունը, իսկ ի՞նքը․․. Ի՞նչ է եղել յուր կյանքի նպատակը, բարի նպատակը․․. Եվ գուցե հազարավոր այդպիսի հարցեր կուտակվեին նրա գլխում, եթե այդ գիտակցությունը մի րոպե չտևեր, բայց մի րոպեն այնքա՛ն արագ է անցնում, և այդ գիտակցությունն այնքա՛ն աղոտ էր, այնքա՛ն մութ, որ նրա գլխում այլևս ոչինչ չմնաց, ինչպես կայծակը, որ հայտնվելուն պես դարձյալ իսկույն չքանում է անհետք։ Եվ այդ րոպեն չէր կարող երկար տևել, իսկ գիտակցությունը խոր տպավորություն թողնել նրա ուղեղի վրա, որովհետև այդ ժամանակ նրա աչքերի առաջով դարձյալ անցավ Հարունյանի պատկերն՝ յուր սոսկալի սառնասրտությամբ, յուր համառ հաստատակամությամբ և, կարծես, հեգնաբար ասելով նրան․ «Հաղթվի՛ր, հաղթվի՛ր․․․ Ողորմելի՛, ո՞ւր է քո այն ուժը, որով դու այնպես պարծենում էիր, որ դու այնքան հաղթություններ էիր անում․․․ բայց ի՛նչ հաղթություններ։ Քեզ ավելի անձնատուր են եղել, քան դու հաղթել ես։ Անձնատուր են լինում նրանք, որոնք իրենց մեջ ոչինչ ուժ չեն ճանաչում, հաղթում են նրանք, որոնց ուժը գերակշռում է հակառակորդի ուժերից։ Հաղթությունն առաջին դեպքում— մուկն է կատվի առաջ, հաղթությունն երկրորդ դեպքում— առյուծն է առյուծի առաջ։ Կատուն հաղթում է մկանը առանց մի որևիցե պատերազմի, մի առյուծ հաղթում է մյուսին երկարատև և սոսկալի պատերազմից
Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83
Արտաքին տեսք