Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր յուր գործը— մոռանալով ամեն բան՝ և՛ հպարտություն, և՛ վրեժ, նա անձնատուր էր եղել սիրույն, որ դարձյալ յուր ծանր ձեռքն անողոքաբար դրել էր նրա սրտի վրա և նրան ճմլում, ցավեցնում էր յուր ծանրության ներքո։

Նա նայեց յուր վրա և, տեսնելով, որ տակավին հագնված չէ, ձեռքը մեկնեց դեպի մոտը գտնված փոքրիկ սեղանի վրա դրված հնչակն և հնչեցրեց նրան։

Մի րոպեից հետո ներս մտավ աղախինը։

— Մա՛րիա,— դարձավ նրան իշխանուհին,— օգնի՛ր ինձ հագնվելու։

Աղախինը կատարեց նրա հրամանը։ Նա հագնվեցավ։

— Այժմ գնանք դուրս,— ասաց նա հագնվելուց հետո,— օգնիր ինձ լվացվելու և հետո գլուխս սանրիր։

Նրանք դուրս գնացին։ Իշխանուհին լվացվեցավ։ Հետո գնացին մի ուրիշ սենյակ, որ իշխանուհին նշանակել էր յուր զուգվելու համար։ Նա նստեց հայելու առաջ։ Աղախինն օծեց նրա գեղեցիկ մազերն անուշահոտ յուղով ու սկսեց սանրել։

Իշխանուհին խորին դառնությամբ նայում էր հայելու մեջ յուր մազերին, յուր դեմքին, յուր պարանոցին։ Մի՞թե նա այնքան գեղեցիկ չէ, որ մի Հարունյան նրա վրա ուշքը չկորցնի։ Նա չհավատաց յուր աչքերին։

— Մա՛րիա,— հանկարծ ասաց նա նայելով աղախնուն հայելու միջից,— ես գեղեցիկ չե՞մ։

— Օ՛հ, դուք շատ գեղեցիկ եք, տիրուհի,— ասաց աղախինը ժպտալով։— Ձեզ նման գեղեցկուհի ոչ Պետերբուրգումն եմ տեսել և ոչ այստեղ։

Ո՛չ, աղախինը շողոքորթում է նրան։ Նա սուտ է ասում։

— Ուղի՛ղն ասա, Մարիա,— ասաց նա խստորեն։— Ես չե՞մ տեսնում, որ տգեղ եմ․․․

Աղախինը զարմանքից չռեց աչքերն ու դադարեց սանրելուց։

— Դուք տգե՜ղ...— կանչեց նա։— Դուք ինձ փորձո՞ւմ եք, տիրուհի... Ես մարդ սպանելն այնքան մեղք չեմ համարիլ, որքան ձեզ տգեղ համարելը։

— Քեզ ասում են՝ ուղի՛ղն ասա։