Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ միջոցին անզգայաբար նա ձեռքով այնպես խփել էր թեթև սեղանին, որ դա՝ օրորվելով՝ գետին էր ընկել, թափելով յուր հետ պաքսիմատն ու թեյի բաժակը, զարկվելով հատակին, փշուր֊փշուր էր եղել։ Այդ ձայնից աղախինը վազեց տեսնելու, թե ինչ է պատահել։ Իշխանուհին՝ ուրախությունից իրեն բոլորովին կորցրած՝ յուր կողմից վազեց դեպի նա և, որպես տենդի մեջ, ամուր գրկելով նրան ու բարձր նետելով, կրկնեց յուր աղաղակը․

— Գտա՜, գտա՜․․․

Աղախինը սաստիկ վախեցավ։ Նա կարծեց, թե յուր տիրուհին խելագարվել է, մանավանդ, որ այդ օրը նրան բավական օտարոտի դրության մեջ էր տեսել։ Նա աշխատեց դուրս պրծնել նրա ձեռքերից, որոնք, որպես սղմիչ, սեղմում էին նրան իրենց մեջ․ բայց նրան չհաջողվեցավ այդ։

— Տիրուհի՛, տիրուհի՛...— կանչեց նա առավել ևս վախեցած։

Հանկարծ իշխանուհին զգաց յուր արարքն և բաց թողեց նրան։ Նրա խելքը գլուխն եկավ։

— Մի՛ փախիր, Մարիա,— ասաց նա շնչասպառ և ալեկոծվող կրծքով։— Մի՛ վախիր․ ես չեմ խելագարվել...

Բավական յուր գյուտից՝ և ուրախությունից չգիտենալով թե ի՛նչ անե՝ նա սկսեց արագ քայլել պատշգամբում։ Ինչ֊որ կախարդիչ ժպիտ պսակում էր նրա շառագունած դեմքը, քթի ծակերը՝ սաստիկ շնչառությունից, նկատելի կերպով լայնանում էին։ Աղախինն ապշած նայում էր նրան։

Իշխանուհին հանկարծ կանգնեց՝ տեսնելով հատակի վրա թափված սեղանը, պաքսիմատներն և թեյի կոտրատված բաժակը։

— Այս ո՞վ է արել,— հարցրեց նա՝ կիտելով հոնքերը, որ շատ սազում էր նրա դեմքին։

— Այդ դուք եք արել, տիրուհի,— պատասխանեց փոքր-ինչ հանդարտված աղախինը։

— Ե՜ս․․.— կանչեց զարմացած իշխանուհին՝ ձեռքերը միմյանց խփելով և բարձրաձայն քրքջաց։— Մի՞թե այդ ես եմ արել․․․ բոլորը հավաքիր և ինձ համար նոր թեյ, նոր