Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեկո ամենը կուղղվի․․․ գլխացավս անցավ․ ամառանոցի սառն օդը բժշկեց ինձ, հա՜, հա՜, հա՜․..

Եվ նա մտքումը դրեց երեկոյան անպատճառ գնալ անտառն, ուր հույս ուներ հանդիպելու Հարունյաններին։

Աղախինը թեյի երկրորդ բաժակն էր մոտ բերել արդեն, երբ հանկարծ պարտեզի դուռը բացվեցավ, և գրեթե ներս ընկավ Պետրովը։ Իշխանուհին, որ նրան բոլորովին մոռացել էր, նրան յուր դաստակերտում տեսնելով՝ մնաց զարմացած։ «Այս մարդն ինձ այստեղ էլ է գտել», ասաց նա յուր մտքում։ Եվ այն է, հենց կամենում էր պատրաստվել նրան բարկությամբ ընդունելու, երբ հանկարծ նրա գլխում մի ուրախալի միտք ծագեց՝ հօգուտ յուր մտադրության։— Ի՞նչ կլինի, եթե այսուհետև սկսե երես տալ Պետրովին Հարունյանի մոտ եղած ժամանակ և մի քանի ցույցեր անե, իբրև թե սիրում ու հաշտ աչքով է նայում այդ աստիճանավորի վրա։ Որքան էլ այդ Հարունյանի համար նշանակություն չունենա, բայց, այնուամենայնիվ, դա կարող է նրա մեջ խանդոտություն զարթեցնել, առավել ևս, որ, ինչպես իշխանուհին մի քանի անգամ նկատել էր, նա լավ աչքով չէր նայում Պետրովի վրա։ Իսկ Հարունյանի այդ խանդոտությունը փոքրիշատե հաջող ելք կարող էր տալ նրա մտադրության իրագործելուն։ Եվ այդ միտքն այնքան գեղեցիկ ու հարմար թվաց նրան, որ մինչև անգամ կանչեց ուրախությամբ.

— Ա՜, պարոն Պետրով..․ Ահա՛ չէի սպասում ձեզ։

— Օ՜, դուք չէիք կարող ինձ չսպասել,— կանչեց յուր կողմից Պետրովը՝ սանդուղքով արագությամբ բարձրանալով և մոտենալով նրան,— գիտեք, որ իմ ճանապարհս ձեր ոտների հետքերն են, որոնց վրայով միայն ես մինչև վերջին շունչս պետք է գնամ․․․

Իշխանուհին ուրախ կերպով քրքջաց։ Պետրովը բռնեց նրա ձեռքն և սկսեց յուր համբույրների կարկուտը թափել նրա վրա։

— Բավական է, բավական,— կանչեց իշխանուհին՝ առավել ևս քրքջալով։— Դուք իմ ձեռքիս կաշին կպլոկեք ձեր սարսափելի համբույրներով․․․

— Օ՜, ես այսքան օրվա կարոտս պիտի հանեմ․․․