Եվ Պետրովը նորից ու նորից համբույրներ էր թափում նրա ձեռքի վրա։ Վերջապես իշխանուհուն այդ զզվելի թվաց և զոռով ետ քաշեց ձեռքը։
— Դուք անտանելի եք,— ասաց նա։— Ավելի լավ է՝ նստեցեք և խոսենք։ Մա՛րիա, աթոռ։
— Ուրի՞շ ինչպես է ձեր թանկագին առողջությունն, իշխանուհի,— ասաց Պետրովը՝ նոր նստելով նրա դիմաց՝ աղախնի բերած աթոռի վրա։
— Լավ է։ Բայց ես զարմանում եմ, թե ի՛նչպես դուք գտել եք իմ դաստակերտը։
— Օ՜, ո՞ւմը հարցնեի այստեղ, որ ցույց չտային․ չէ՞ որ դուք այստեղ եզակի եք, ինչպես և ամբողջ աշխարհիս մեջ...
— Ավելի լավ է՝ թողնենք հաճոյախոսություններն և, եթե կամենում եք, թեյ անուշ արեք։
— Այսինքն՝ սուրճ, դուք կամենում եք ասել։
— Ոչ թեյ․ նայեցեք,— սուրճ չէ։
— Ուրեմն սուրճի տեղ դուք թե՞յ եք անուշ անում։
— Այո և ոչ։
— Ի՞նչպես հասկանամ ես ձեզ։
— Որովհետև այժմ ինձ համար առավոտ է, չնայելով որ իսկապես կեսօրից էլ անց է։
— Դա ի՞նչպես հասկանամ։
— Դա ավելորդ է հասկանալ... թեյ կամենո՞ւմ եք ինձ հետ միասին խմել։
— Օ՜, ձեզ հետ միասին՝ այո՛, դա պատիվ, փառք, երջանկություն է ինձ համար, իշխանուհի։
Տիրուհու հրամանով աղախինը Պետրովին էլ թեյ մոտ բերեց։
— Հարունյաններն է՞լ են այստեղ,— հանկարծ հարցրեց Պետրովը։— Երեկ ամառանոց գալիս՝ պ. Արմենակին տեսա։
— Այո, այստեղ են,— պատասխանեց իշխանուհին՝ խոր նայելով նրան, կարծես իմանալու համար, թե ինչո՞ւ հանկարծ նա առաջարկեց այդ հարցը։ Բայց նա կամեցավ իմանալ, թե ինչպիսի կարծիք ունե նա Հարունյանի մասին և այդ պատճառով ավելացրեց.