լսում. նրանից կնոջ մասին Հարունյանի հայտնած կարծիքը լսելով, նա փոքր-ինչ մտածության մեջ էր ընկել։ Բայց երբ այդ մտածությունից դուրս եկավ, Պետրովը վառված դարձյալ խոսում էր։
— Թեյը սառեց, պարոն Պետրով,— ասաց իշխանուհին՝ նրա խոսքը կտրելով։
— Եվ, իհարկե, այդ պարզ է, որ պարոն Հարունյանի նման մարդիկ սիրել չեն կարող բառիս բուն նշանակությամբ, քանի որ բոլորովին չեն հասկանում, թե ի՛նչ է կինը,— վերջ տվեց Պետրովն յուր երկարաբանությանն և առավ թեյի բաժակը։
Կես ժամի չափ Պետրովը դարձյալ մնաց իշխանուհու մոտ և ակամայից պատրաստվեցավ գնալու։ Նա առավ իշխանուհու ձեռքն և իրեն հատուկ աղերսագին տեսք ընդունեց։
— Իշխանուհի,— ասաց նա դողդոջուն ձայնով,— մի՞թե ոչ մի ժամանակ չեմ կարող հուսալ ձեր սիրո վրա։
— Կարող եք,— պատասխանեց ժպտալով իշխանուհին։
Պետրովի փոքրիկ աչքերը վառվեցին։
— Կարո՛ղ եմ․․․— կանչեց նա։— Օ՜, որպիսի անսպասելի երջանկություն,— գրեթե դողաց Պետրովը, և նրա փոքրիկ աչքերն այս անգամ պլպլացին։ Նա իսկույն դարձյալ սկսեց թափել յուր համբույրների կարկուտը իշխանուհու ձեռքի վրա։
— Բավական է, գնացե՛ք,— ասաց իշխանուհին՝ դալձյալ զզվանքով և զոռով ետ քաշելով յուր ձեռքը։
— Ցտեսությո՜ւն, երկնային իշխանուհի, ցտեսությո՜ւն,— գոռաց Պետրովն և, խելագարի նման ներքև վազելով, դուրս եկավ պարտեզի դռնից։
Իշխանուհին մի րոպե մնաց արձանացած։
«Ա՜խ, Հարո՛ւնյան, Հարո՛ւնյան․․․», արտասանեց նա վերջապես, հոգոց հանելով և գլուխն ամենախորին վշտով կախեց կրծքի վրա։