Նույն օրը երեկոյան իշխանուհի Մելիքյանն յուր աղախնի ընկերակցությամբ գնաց անտառ զբոսանքի։ Նա սովորություն ուներ երբեմն, զբոսանքի գնալիս, երբ, իհարկե, մենակ էր լինում, վերցնել յուր հետ և աղախնին, որին և զուգում էր այնպես, ինչպես վայել է մի աղջկա, որ ման է գալիս իշխանազն հպարտ տիկնոջ հետ։ Յուր կարմիր պարզ շորերում և հարդյա գլխարկով՝ Մարիան շատ սազում էր սևազգեստ իշխանուհու հետ կողք-կողքի զբոսնելիս։ Իշխանուհին ամուսնու մահից հետո, չնայելով, որ այդ օրից արդեն տարիներ էին անցել, կրում էր միշտ սև զգեստ՝ առանց մի որևիցե պչրանքի, ի նշան յուր այրիության։ Յուր այդ պարզ սև հագուստի մեջ նա ավելի գեղեցիկ, ավելի սքանչելի էր երևում (գուցե այդ էլ էր պատճառը, որ նա միշտ սև զգեստ էր կրում)։ Պարզ, հասարակ հագուստի մեջ կնոջ գեղեցկությունն առավել ևս փայլում է, քան նորամոդային հազարավոր պչրանքներով զարդարված խայտաճամուկ հագուստի մեջ, որ խլում է կնոջից նրա ամեն կնայինը և դարձնում է նրան մի արվեստական պաճուճապատանք, որ կարողանում է ման գալ։ Պարզ, հասարակ հագուստի մեջ է կայանում կնոջ ինքնակերպությունն․ իսկ ինչպես ամեն բանի, նույնպես և կնոջ պոեզիան գտնվում է նրա ինքնակերպության մեջ։
Պենսնեն ձեռքին պտտեցնելով և գեղածիծաղ դեմքով՝ իշխանուհին զբոսնում էր յուր աղախնի հետ, որ, միշտ աչքի առաջ ունենալով յուր պաշտոնը, անվստահորեն փոքր-ինչ հեռու էր ման գալիս տիրուհուց և՝ կապույտ աչքերը խոնարհեցրած՝ պատասխանում էր նրա զանազան հարցերին։ Բոլոր ժամանակ իշխանուհու աչքերը շրջում էին այս ու այն կողմը։ Նա որոնում էր Հարունյաններին, որոնք տակավին չէին երևում այնքան բնակիչների մեջ, որոնք, ինչպես ամեն, նույնպես և այդ երեկո, լցրել էին անտառը։ Իշխանուհին հույս ուներ՝ որ անպատճառ կպատահի այդտեղ նրանց՝ ում