— Այդ ի՞նչպես,— ավելի հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին։
— Մի՞թե դու խաբվել էիր, մի՞թե նա քեզ իսկապես չէր սիրում։
— Այո, հետո տեսա, որ նա ինձ կեղծ է սիրում...
— Ի՞նչպես։
— Որովհետև, երբ ես մի անգամ նրան առաջարկեցի ամուսնանալ, նա ծիծաղեց և այլևս չեկավ ինձ մոտ...
— Հետո՞։
— Հետո ես լաց եղա... շատ լաց եղա, բայց նա դարձյալ չեկավ ինձ մոտ։
— Իսկ այժմ նրան չե՞ս սիրում։
— Քիչ եմ սիրում. նա լավ տղա չէր։
— Խե՜ղճ իմ Մարիա,— խոսեց անսուտ կարեկցությամբ իշխանուհին՝ մի առանձին տաք հայացքով նայելով նրա աչքերին։— Ո՜րքան անմեղ, պարզամիտ ես դու... Օ՜, այդ տղամարդիկ, Մարիա, բոլորն անգութ և խելագարներ են, նրանք երբեք չեն խղճում կնոջ վրա, երբեք չեն մտածում կնոջ դրության մասին... Ստոր, վայրենի և անտաշ են նրանք, Մարիա․․․ Նրանք բոլորովին արժանի չեն վայելելու կնոջ սերն, երբ չեն հասկանում, թե ի՜նչ է կին, թե ի՜նչպես պետք է վարվել կնոջ հետ.․. Բնությունը սխալվել է, Մարիա, որ կանանց կապել է այդ գոռոզ վայրենիների հետ, որոնց մեջ բնավ ճաշակ չկա նրանց գեղեցկությունը ճանաչելու, հարգելու, պաշտելու, ինչպես մի կենսատու ուժի... Գեղեցկությունն— այդ ամեն բանի, առավելապես կնոջ մեջ հրաշալին նրանք ոտի տակ են տալիս, Մարիա․ ինչպես խոզեր, որոնք չեն հասկանում մարգարտի արժանավորությունը, գինը... Նրան ծաղրում են, արհամարհում են և աշխատում են իրենց ստրուկը դարձնել... Բայց կինն, իհարկե, այդ երբե՛ք չի թույլ տալ, այնպես չէ՞, Մարիա... Կինն առավել ևս գոռոզ է, հպարտ է դեպի յուր պատիվը, գեղեցկությունը... Բնությունն իբրև միակ զենք՝ կնոջը տվել է գեղեցկություն, որով նա պետք է աշխատի անպատճառ պատժել տղամարդիկներին— այդ վայրենիներին— թե՛ նրանք հիմարությունների և թե՛ անգթության համար... Այնպես չէ՞, Մարիա, պատժել, սոսկալի կերպով պատժել...