Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հպարտ է․․․ բայց չգիտե, որ ուրիշն առավել ևս հպարտ կարող է լինել, քան ինքը... այնպես չէ՞, Մարիա․․․

Մարիան, իհարկե, ոչինչ չէր հասկանում․ նա միայն զարմացած գլուխը շարժում էր։

— Պատիվ ունինք, իշխանուհի,— հանկարծ լսվեցավ նրա մոտ պարոն Հարունյանի փափուկ ձայնը։

Իշխանուհին որքան աշխատեց զսպել իրեն, բայց չկարողացավ փոքր֊ինչ չցնցվել այդ ձայնից, որին նա վայրկյան առ վայրկյան անհամբեր սպասում էր։ Նա շուտով, իրեն զարմացած ցույց տալով, դարձավ դեպի նա։

— Ա՜խ, պարոն Հարունյան... Նո՛ւնե,— կանչեց նա՝ շտապով մոտենալով նրանց։

— Պետք է ներեք ինձ, որ ձեզ չնկատեցի. աղախնիս հետ մի այնպիսի քաղցր խոսակցության մեջ էի, որ մինչև անգամ մոռացել էի, թե որտեղ եմ գտնվում... Բարև ձեզ։

Եվ նա ժպտադեմ յուր գեղեցիկ ձեռքը տվեց նախ պարոն, հետո տիկին Հարունյաններին։ Իշխանուհու մինչև այժմ օտարոտի ընդունելության ազդեցության ներքո, վերջինս դեռ կամենում էր նրան սառնությամբ ընդունել, բայց այժմ բոլորովին անսպասելի կերպով նրա մեջ տեսնելով դարձյալ յուր առաջվա սիրալիր ընկերուհուն, նա զարմանքից դեռ մի քանի վայրկյան գրեթե մնաց քարացած՝ նրա ժպտող աչքերի մեջ նայելիս, կարծես ինքն իրեն հարցնելով՝ մի՞թե այդ նա է, որ մինչև վերջին ժամանակներս նրան այնպես սառնությամբ էր ընդունում։ Նա չէր հավատում յուր աչքերին, բայց տեսնելով, որ իշխանուհին շարունակ ժպտալով նայում է յուր աչքերին, և նրա դեմքի վրա առաջվա սառը ընդունելության և թախծության նշույլ անգամ չկա, նա, կարծես, նոր ուշքի եկավ և կանչեց սաստիկ ուրախացած.

— Սո՛ֆիա, մի՞թե ես քեզ նույնն եմ տեսնում... մի՞թե գլխացավդ արդեն անցել է...

— Արդեն, արդեն, Նունե։ Դու սուտ չէիր ասում, որ ամառանոցի զով օդն ինձ վրա լավ ազդեցություն կունենա... Գլխացավս բոլորովին անցել է, և այժմ ինձ այնպես թեթև, այնպես հանգիստ եմ զգում, ինչպես ոչ մի ժամանակ.... Դեռ հենց առաջին օրից, որ ես ամառանոց եկա,