Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ հիշում էր լրբի չափ հանդուգն իր դասընկերին, որի հետ ուսումնարանում եղած ժամանակ կապված էր ընկերական-կրավորական այն տարօրինակ կապով, որը շատ անգամ երկյուղի և նախանձի արդյունք է լինում։ Օր չէր անցնում, որ Բազենյանը մի որևէ խայտառակություն չգործեր, բայց միշտ դուրս էր պրծնում անվտանգ: Ինչպես Շահյանը, այնպես և մյուս դասընկերներից շատ-շատերը նրանից անհամեմատ ավելի բարեխիղճ և աշխատասեր աշակերտներ էին, բայց դրա փոխարեն Բազենյանը զարմանալի ընդունակություն ուներ ամենքի վրա իշխելու։ Նա բոլորովին որբ էր, և ոչ ոք չէր իմանում, թե ով էր վճարում նրա ուսման վարձը և ով էր պահում նրան. բայց Նա գրրպանում միշտ փող էր ունենում և ինքն էլ միշտ լավ էր հագնվում։ Մի անգամ, դեռ ուսումը չավարտած, նա ոտով-գլխով կորավ, և Շահյանը, որ նրա ամենամտերիմ ընկերն էր, սկզբում տխրեց, հետո իսպառ մոռացավ նրան։ Բայց ահա, երկար տարիներից հետո, նորից հանդիպում է Բազենյանին ինչ-որ թափառաշրջիկի պաշտոնով, մի ինչ-որ «պատվավոր» կնոջ հետ...

Շահյանը նորից ժպտաց։

Բայց իսկապես ի՞նչ պաշտոն էր Բազենյանի պաշտոնը և ով էր այդ հաղթանդամ կինը...

Սակայն Շահյանը չուզեց ապարդյուն ենթադրություններով տանջել իր թմրած ուղեղը, բարձը քաշեց գլխի տակ, պառկեց և աշխատեց քնել։

Գնացքը շարունակում էր իր ճանապարհը։ Վագոնը նորից բարձրացրել էր իր սրտամաշ աղմուկը։ Անձրևի կաթիլները կտկտալով զարկվում էին լուսամուտների ապակիներին և, նրանց վրա ջրային ցանցեր կազմելով, թորում էին ներքև։ Առաստաղից կպած լապտերի մեջ մոմի ճրագը ցնցվում, դողդողում էր և իր ցոլքերով խաղում Շահյանի ակնոցի երկու պլպլան ապակու մեջ։

Շահյանը ոչ քնած էր, ոչ արթուն. նա ընկել էր ճանապարհորդներին հատուկ կիսաքուն տանջող դրության մեջ։ Մեկ էլ — վագոնում տիրած խաղաղությունը հանկարծ սթափեցրեց նրան։ Նա նստեց և տեսավ, որ գնացքը կանգ է առել մի ինչ-որ կայարանում։ Նստած տեղից մեկնվելով,