Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փչել գլխիդ։ Այսօր ազատ եմ ժամը 11½-ի և 12½-ի միջև»։

Ժամը 11½-ից մի քանի րոպե անց Աշխենը բարձրանում էր ուսումնարանի սանդուղքով։ Դասարաններից լսվում էր դասամիջոցից հետո հենց նոր ներս մտած աշակերտուհիների սովորական ճիչն ու ծկլթոցը. ուսուցիչներն ու ուսուցչուհիները՝ ցուցակները ձեռքներին, շտապում էին իրենց դասարանները։ Ուսուցչուհիներից մի քանիսի հետ ծանոթ լինելով, Աշխենը բարևեց նրանց և նրանցից իմանալով, որ օր. Սահակյանն ուսուցչական սենյակումն է, գնաց նրա մոտ։

Օր. Սահակյանը մենակ էր։ Նա նստած էր կապույտ մահուդով ծածկված երկայն սեղանի առաջ, և կաթով սուրճ էր խմում ու լրագիր կարդում։

— Ա՜, եկա՞ր, գյուղական վարժուհի,— բացականչեց նա Աշխենին տեսնելուն պես։— Նստիր տեսնենք ամբողջ գիշերն ինչպես ես մտածել։

Աշխենը ժպտաց և նստեց նրա մոտ։

— Ուրեմն դու վճռել ես ինձ այսօր ազատել կռվելուց։

— Ո՞ւմ հետ։

— Այն վարժուհու, որի հետ պետք է խոսեի այսօր։

Աշխենը ծիծաղեց։

— Դե՜հ, խոսի՛ր, խոսի՛ր,— անհամբերությամբ վրա տվեց օր. Սահակյանը, լրագիրը ձգելով սեղանի վրա։— Սուրճ ուզո՞ւմ ես։

— Չէ, շնորհակալ եմ։

— Ես, իհարկե, հասկանում եմ, սիրելիս, թե որտեղից է ծագել վճիռդ, և այդ պատճառով այնքան էլ չեմ զարմանում։ Բայց հետաքրքրական է, թե այժմ ի՞նչ պիտի ասես ինձ։

— Առանձին ոչինչ չունեմ ասելու։ Միայն այս էի ուզում հարցնել, թե ի՞նչ պետք է անեմ, որ ուսուցչության իրավունք չունեմ։

— Այսինքն, ուզում ես ասել ցանկի մեջ չկա՞ս։

— Այո։

— Այդ դատարկ բան է. մի օրում կարելի է թեմական առաջնորդից իրավունք ձեռք բերել, բայց մի տարվա համար միայն, որովհետև նա մի տարուց ավելի իրավունք տալու