— Դեռ ոչ։
— Եվ նրանք արգելք չե՞ն լինիլ։
— Չեմ կարծում։ Գիտես, որ տանն ինձ բավական հարգում են։
— Գիտեմ, բայց ինչ ուզում է լինի, էլի քիչ ու միչ խորթ կթվա։ Հորեղբայրդ — ոչինչ. նա հիմար մարդ չէ և շատ էլ բարի է. բայց նրա կինը...
— Նա էլ է ինձ հարգում, թեև բծախնդիր է և, կարծեմ... շատ էլ... չի սիրում ինձ։ Ասենք նա սահմանափակ և նախապաշարված հասկացողությունների տեր կին է և եթե անհամ խոսքեր ասի, չեմ նեղանալ։ Ես վախենում եմ միայն Եվայից. նա ինձ շատ է սիրում և կարող է հիմարություններ անել։ Երեկ երեկո մի քիչ նախապատրաստեցի նրան, բայց նա, երևի, մտքովն անգամ չի անցկացնում, որ ես կարող եմ հեռանալ իրենից։ Ինչևիցե։ Հույս ունիմ մերոնց հետ բանը վերջացնելու առանց խոշոր անհարմարությունների և ուրախ եմ, որ վերջապես կարող եմ անկախ դիրք ստեղծել ինձ համար և ինքս իմ աշխատանքով ապրել, որովհետև վաղուց ի վեր ճնշվում եմ այն գիտակցությունից, որ ես մի տեսակ բեռ եմ հորեղբորս համար։
— Մեղք է, Աշխեն, այդ մի ասիր։ Հորեղբայրդ...
— Գիտեմ, գիտեմ, որ նա շատ բարի է և իմ կերած մի կտոր հացը նրա համար ոչ մի նշանակություն չունի, բայց ես խոսում եմ իմ հոգեկան դրության մասին։ Ես չեմ կարող ուրիշի բարությունը շահագործել, թեկուզ այդ ուրիշը լինի իմ հարազատը։ Դա դեմ է իմ խղճին։
— Ինչքա՜ն գոռոզ ես, չնեղանաս,— նկատեց օր. Սահակյանը ծիծաղելով։
— Խո ասացի, որ ես հիվանդության չափ ինքնասեր եմ, և դու այդ պակասություն չհամարեցիր, այլ առավելություն,— պատասխանեց Աշխենը ժպտալով և վեր կացավ։— Դե, հիմա ի՛նչ ենք անում։
Օր. Սահակյանը նույնպես վեր կացավ։
— Մեր անելիքը ահա թե ինչ կլինի,— ասաց նա։— Երեկոյան կգաս ինձ մոտ, Մինասյանի հետ երես առ երես կխոսենք ինչ որ հարկավոր է, նրա հետ բանը կվերջացնենք, հետո վաղը կամ ես, կամ նա քեզ հետ միասին կգնանք