Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞վ ասաց, թե մենակ եմ եղել։ Ես ուղեկից ունեի, սիրելիս:

— Չի՞ կարելի իմանալ ով էր ուղեկիցդ։

— Ինչո՞ւ չէ. նա մի գյուղատնտես է, որի հետ այս երկու օրս եմ ծանոթացել Վարոյենց տանը։ Դու ճանաչում ես նրան, թեև ամենևին չես տեսել նրան։

Եվան գլուխը բարձրացրեց, զարմացած նայեց Աշխենի ժպտացող աչքերին և նորից գլուխը կախեց կարի վրա, առանց մի խոսք ասելու։

Աշխենը կամաց ծիծաղեց։

— Սպասիր, այս վաղն էլ կարող ես կարել,— ասաց նա և Եվայի ձեռքից առնելով թաշկինակն ու ասեղը՝ դրեց սեղանի վրա։— Նայիր աչքերիս։ Այդպես։ Ինչո՞ւ չես հարցնում, թե ով է այդ գյուղատնտեսը։

— Ինչ հարցնեմ, քանի որ ինձնից թաքուն ինչ-որ բաներ ես բռնում այնտեղ,— առաջվա պես չոր-չոր պատասխանեց Եվան և ուզեց վեր կենալ, բայց Աշխենը բռնեց նրա ձեռքերից և պահեց իր տեղում։

— Կաց, մի փախչիր... և դարձյալ նայիր աչքերիս։ Այդպես։ Ի՞նչ թաքուն բաներ։

— Ես ի՞նչ գիտեմ։ Երեկվա տարօրինակ խոսակցությունդ, այսօր առավոտյան վաղ գնալդ չգիտեմ ուր, այժմ այսպես ուշ վերադառնալդ...

— Եվ դրա համար է, որ այդպես փքվել ես, հա՞։

Եվան հանկարծ մի խիստ շարժում գործեց, և նրա աչքերը փայլեցին զայրագին։

— Լսիր, Աշխեն, եթե դու կշարունակես ինձ դարձյալ չարչարել և այս րոպեիս չես ասի ամեն բան, աստված է վկա, այնպե՜ս կխռովեմ, այնպե՜ս կխռովեմ, որ այլևս երբեք չեմ խոսիլ քեզ հետ։ Լսո՞ւմ ես։

Աշխենը խոնարհվեց նրա դեմքի վրա, ձեռքերն անցկացրեց նրա թևերի տակով և գրկեց նրա մեջքը։

— Լսում եմ, հոգյակս, լսում եմ։ Բայց վախենում եմ, որ եթե բանը հայտնեմ, ավելի պինդ խռովես։

— Ո՜ւֆ, արդեն անտանելի է... Չե՛մ ուզում, էլ ոչինչ մի ասիր։