Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ Եվան, վերին աստիճանի զայրացած, աշխատեց ազատվել հորեղբոր աղջկա ձեռքերից, բայց Աշխենը մատները հյուսեց իրար մեջ և թույլ չտվեց, որ վեր կենա։

-Եվա ջան, լսիր, ա՛յ, ասում եմ, լսիր։ Ես վճռել եմ գյուղական վարժուհի լինել և մի քանի օրից հետո գնալու եմ գյուղ։

Եվան մի ակնթարթում սառեց նստած տեղը։ Նրա աչքերը սաստիկ մեծացան և հառած մնացին Աշխենի շարունակ ժպտող աչքերի վրա։

— Տեսնո՞ւմ ես, ապշեցիր։ Այդ սկիզբն է,— ծիծաղեց Աշխենը։— Այժմ լսիր մանրամասնությունները։

Եվ Աշխենը սկսեց մանրամասնորեն պատմել, թե ինչպես ծանոթացավ Մինասյանի հետ, որին ինչպես ինքը, նույնպես և Եվան, արդեն ճանաչում էին նրա գրական երկերից. պատմեց, որ իրենց գյուղում նոր ուսումնարան հիմնելով, Մինասյանը եկել էր օր. Սահակյանի միջոցով վարժուհի ճարելու. թե ինչպես օր. Սահակյանն անհաջողություն էր կրել իր միջնորդության մեջ և թե ինչպես, վերջ ի վերջո, ինքը՝ Աշխենը, վճռել էր հանձն առնել հիշյալ ուսումնարանի վարժուհու պաշտոնը և այնուհետև ընդմիշտ նվիրվել այդ պաշտոնին։ Պատմեց նույնպես այդ օր առավոտյան օր. Սահակյանի հետ ունեցած տեսակցությունը, և այն, որ այդ երեկո օր. Սահակյանի տանը խոսակցություն էր ունեցել Մինասյանի հետ. Մինասլանը նրա առաջարկն ընդունել է ջերմ համակրանքով և շնորհակալությամբ խոստացել է վաղն ևեթ աշխատել նրա համար ուսուցչության իրավունք ձեռք բերելու։

— Այդպես ուրեմն, Եվա ջան, երկու կամ, շատ-շատ, երեք օրից հետո մնաս բարյավ կասեմ քեզ և կգնամ այնտեղ, ուր հույս ունիմ գեթ փոքր-ինչ օգտակար լինելու։ Վարոն այսօր ինձ խիստ խրախուսեց։ Այժմ սպասում եմ քո դատավճռին։ Ինչ կասես։

— Ես քեզ ա՛յն կասեմ, որ դու... խելագարվել ես,— ծանր ու հաստատ ձայնով արտասանեց Եվան, առանձնապես շեշտելով վերջին բառը, և աշխատեց իրանն ազատել նրա ձեռքերից։

Բայց Աշխենն ավելի պինդ գրկեց նրա մեջքը և ժպտուն